

Որքանով է համալրվել Արմավիրի մարզի համայնքների բյուջեն և ինչպես են ծախսվել պետական և տեղական բյուջեի միջոցները: Տեղական բյուջեի համալրմամբ աչքի է ընկել Էջմիածին քաղաքն ու Տարոնիկ գյուղը: Սեփական եկամուտների հավաքագրման 50 տոկոսից ցածր ցուցանիշ ունեցող գյուղերին հանձնարարվել է բյուջեն համալրել առաջին եռամսյակի ընթացքում:
Համայնքային բյուջեի կատարողականով արտացոլվում է տվյալ համայնքի սոցիալան վիճակն ու համայնքի բարեկարգ տեսքը: 2015 թվականին Արմավիրի մարզի 97 համայնքից 51 համայնքն է ապահովել տեղական բյուջեի համալրման 100 տոկոսից բարձր ցուցանիշ: Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներից բյուջեի կատարման ամենաբարձր ցուցանիշն ունի Էջմիածինը՝ 105.1 տոկոս, որտեղ բարձր է նաև սեփական եկամուտների հավաքագրումը՝ 109.1 տոկոս: Մեծամոր քաղաքում սեփական եկամուտները՝ հողի, գույքի հարկն ու վարձակալված հողատարածքի վարձ, համալրվել է 105 տոկոսով, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիր քաղաքում:
Գյուղերից սեփական եկամուտների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատի տարածքի Տարոնիկ համայնքում՝ 150 տոկոս, որին հաջորդում են Ջրարբի և Եղեգնուտ համայնքները, համապատասխանաբար՝ 134.7 և 132.5 տոկոս: Բյուջեների կատարողականով պայմանավորված համայնքներին պետական բյուջեից համամասնաբար դոտացիա է հատկացվում՝ համայնքներում առկա խնդիրների լուծման նպատակով: Արմավիրի մարզին 2015 թվականին պետական բյուջեով հատկացվել է 307 մլն դրամ, որից 130 մլն դրամը ներդրվել է Բամբակաշատ և Շենիկ համայնքների մշակույթի տների նորոգման և 170 մլն դրամ էլ՝ Նորակերտ և Արագած համայնքների մանկապարտեզների հիմնանորագման, Հայթաղի դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի վերանորոգման նպատակով: Տարվա կեսին պետական բյուջեից ևս 605 մլն դրամ է հատկացվել, որոնք նույնպես ուղղվել են քաղաքաշինական առկա խնդիրների լուծմանը, այդ թվում ամբողջությամբ փոխվել է Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքների բազմաբնակարան հինգ շենքի տանիքը:
Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված գումարից մաս է հանվել նաև Մայիսյան և Լենուղի գյուղերի վթարային շենքում ապրող բնակիչների բանակարանային պայմանների բարելավման նպատակով՝ 80.95 մլն դրամ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս տարի անհրաժեշտ միջոցներ հատկացնելու դեպքում Լենուղու մյուս երկու վթարային շենքերի բնակիչներին հնարավորություն կտրվի ձեռք բերել բնակարաններ, կառավարության որոշմամբ տարվա ընթացքում կաբարելավվի նաև մեկ բազմազավակ ընտանիքի բնակարանային պայմանները:
Պետական բյուջեի միջոցներով վերանորոգվել է նաև 10 մանկապարտեզի խոհանոցային հատվածները, որոնք գտնվել են անմխիթար վիճակում և որն էլ պատճառ էր դարձել դիզենտերիա հիվանդության տարածմանը:
Տեղական բյուջեի կատարմամբ աչքի ընկած Էջմիածին քաղաքում զգալի միջոցներ են ծա;սվել քաղաքի կանաչապատման, բարեկարգման և քաղաքաշինության ուղղությամբ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ կառուցվել է Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ տեղադրվել է սպարապետի հուշարձանը, Անդրանիկ Օզանյանի փողոցում տեղադրվել է զորավարի հարթաքանդակը, վերանորոգվել է Կոմիտասի անվան մշակույթի պալատը: Վերանորոգվել է Էջմիածնի 15 բազմաբնակարան շենքի 4231 քմ ընդհանուր մակերեսով տանիք, որի վրա տեղական բյուջեից ծախսվել է 34 մլն դրամ: Ավելի քան 8.5 մլն դրամ էլ ներդրվել է քամուց տուժած բազմաբնակարան երեք շենքի և մշակույթի տան տանիքի նորոգման նպատակով, որից 4 միլիոնը փոխհատուցվել է պետական բյուջեից:
Սեփական եկամուտները թերի համալրած համայնքների ղեկավարներին առաջարկվել է բյուջեն կատարել առաջին եռամսյակի ընթացքում:




