Հասարակություն

ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսում Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու նպատակով

lenabadeyan
Մի խումբ պատգամավորներ Աժ-ում նախաձեռնել են տարբեր միջոցառումներ՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու նպատակով: Աժ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է կազմակերպել եւ դիմել պատգամավորներին:

«Վերջին օրերին այն հասարակության օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է: Մի կողմ թողնենք քաղաքական և իրավական ձևակերպումները, խոսքը մարդու մասին է, ընդ որում մարդու, ով առողջական խնդիրներ ունի: Ես այս պահին սկսել եմ ստորագրահավաք, որն ուղղելու եմ Վերաքննիչ դատարանին, որը քննարկելու է կալանքի դեմ բերված բողոքը: Ուստի խնդրում եմ բոլոր պատգամավորներին միանալ ստորագրահավաքին՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար»:

Մեկ այլ նախաձեռնությամբ հանդես է եկել Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Երեկ Վարդգես Գասպարին իր իրավաբանների միջոցով տեղեկացրել էր մի խումբ պատգամավորների երաշխավորագիր պատրաստելու վերաբերյալ, ինչը ես կատարել եմ: Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և ես միացել ենք: Ես առաջարկում եմ մեր նամակները միացնենք և այսօրվա ընթացքում ուղարկենք»:

Թեեւ երեկ օրվա վերջում Աժ ամբիոնից Արդարադատության նախարարը պարզաբանումկներ տվել էր խնդրի առնչությամբ, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ամեն դեպքում հայտարարել է.

«Երեկ, ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց, որ Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ չունի: Ամեն դեպքում, մենք նրան առողջություն ենք մաղթում, և, եթե կա նման անհանգստություն, պատրաստ ենք միանալ»:

Կարդացեք նաև

Back to top button