

Կառավարության նիստն այսօր սկսվել է շնորհավորանքներով: Այսօր նախարարի պաշտոնում առաջին անգամ կառավարության նիստին են մասնակցել ՀՅԴ երեք նախարարները՝ Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Լոքյանը: Մինչ նիստի մեկնարկը, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցրին, թե ինչ հեղափոխական փոփոխություններ է կատարելու Հայաստանի մոնոպոլիզացված տնտեսությունում, ասել է «Ինձ ժամանակ տրամադրեք, ծանոթանամ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետա առաջարկները՝ հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա, կհրապարակենք: Խնդրելու եմ ձեզ, որ մեզ աջակցեք մեր գործունեության ընթացքում»:
Դիտարկմանը, որ գաղտնիք չէ՝ Հայաստանի տնտեսության առողջացման համար էական քայլեր չեն արվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ համամիտ չէ այն քաղաքական գնահատականին, թե ոչ մի քայլ չի իրականացվում: «Մենք կարող ենք խոսել ձեռնարկված գործողությունների արդյունավետության չափի, մակարդակի մասին, նոր գործողությունների մասին: Դրա համար եմ ասում՝ սպասեք, շատ չէ: Ես կծանոթանամ համակարգին և դրան համապատասխան հրապարակային կլինեն բոլոր ծրագրերը և գործողությունները»:
Կառավարության նսիտի սկզբում նորանշանակ նախարարներին շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու Արագածտոնի մարզպետ Սարգիս Սահակյանը:




