

Փետրվարի 26-ին Իրանում կայանալու են խորհրդարանի ընտրությունները, որոնք այս անգամ համընկնում են Փորձագետների խորհրդի ընտրությունների հետ։ Փորձագետների խորհուրդն ընտրվում է 8 տարին մեկ անգամ, այն իրավասու է բարձրաստիճան հոգեւորականների ընտրության եւ նրանց աշխատանքի վերահսկման հարցում: Ինչ վերաբերում է Մեջլիսի ընտրություններին, ապա, իրանագետ Ռուդիկ Յարալյանի փոխանցմամբ, այս ընտրություններին սպասվում է լուրջ մրցակցություն. ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար: Ի՞նչ է ակնկալում իրնագետն այս ընտրություններից, քանի՞ հայ թեկնածու է առաջադրված, եւ նրանց քանի՞ տեղ է հատկացված խորհրդարանում: «Ռադիոլուրը բացառիկ զրույց է ունեցել նաեւ ընտրությունների «ամենառեյտինգային թեկնածուներից» մեկի` իրանաբնակ Կարեն Խանլարյանի հետ ու նաեւ պարզել` նախընտրական ինչպիսի տրամադրություն է Իրանում:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրում բավականին ամրապնդվել են բարեփոխիչների դիրքերը, պահպանողականներն էլ չեն ուզում զիջել իրենց դիրքերը, իսկ հայտնի է, որ փետրվարի 26-ին հարեւան երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հիմնական պայքարը կընթանա հենց պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև:
Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ինը հայ թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ է հայտնել:
Հայ համայնքին երկու տեղ է հատկացված։ Իրանագետ Ռուդիկ Յարալյանն ընտրությունների արդյունքներից անակնկալներ չի սպասում: Նկատում է, որ հայ համայնքը միշտ էլ պահպանողական է եղել: Իսկ այնտեղ այն թեկնածուներն են ազդեցիկ, որոնք Մեջլիսում նախկինում էլ են աշխատել։ «Հայերի կողմից գործընթացների մասնակցության առումով էական փոփոխություններ տեղի չեն ունենա, ինչպիսի ներգրավվածություն ունեցել են Իրանի տարբեր գործընթացներում, հետագայում էլ կպահպանվի»,- ասում է։
Ռուսաստանի հետ Իրանի գործակցության ակտիվացումից եւ Իրանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո հստակ ուրվագծվում են Հայաստանի հետ գործակցության նոր ոլորտներ` նոր հեռանկարներով: Ռուդիկ Յարալյանը վստահ է, որ այս համատեքստում Իրանը մեր երկրի հետ տարածաշրջանային խոշոր ծրագրերը նախընտրում է Ադրբեջանի հետ ծրագրերից:
Նախ` թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններն են հոգնեցրել, բացի այդ` Իրանը նախընտրում է արտաքին աշխարհի հետ կապերի սերտացումը Հայաստանի միջոցով: Այս առումով էլ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Յարալյանը շատ ավելի հեռանկարային է համարում, քան Ադրբեջանի հետ երկաթգծի անցկացումը։
Իրանագետը նկատում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունեն ՀՅԴ-ի քաղաքական աջակցությունն ստացած թեկնածուները: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք Լեռնային Ղարաբաղի կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ավելի ակտիվ չեն, հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը:
«Ես իմ տեսանկյունից եմ ասում` դեռ չի հասունացել այն պահը, երբ Իրանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Գուցե իրենք էլ այս տրամաբանությամբ առաջնորդվելով նման օրինագիծ առաջ չեն քաշում: Տեսնում ենք, որ ռուս-իրանական «դաշինքն» ամեն կերպ փորձում է դիմակայել Թուրքիայի աճող ազդեցությանն այս տարածաշրջանում: Ուստի, ըստ այդմ էլ, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մտնի օրակարգ»,- ասում է Յարալյանը։
Հատկապես վերջին շուրջ 40 տարում` հետհեղափոխական շրջանում, իրանահայությունը միշտ էլ ընտրությունների կիզակետում է եղել` որպես կրոնական ամենախոշոր` քրիստոնյա համայնք, «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Իրանից փոխանցեց Թեհրանում տպագրվող հայկական «Ալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Այս ընթացքում Մեջլիսում հայ պատգամավորները, բացառությամբ մեկ անձի, բոլորն էլ ՀԴԴ թեկնածուներ են եղել: Այս անգամ հայերին հատկացված 2 տեղերը զբաղեցնելու ամենալուրջ հավակնորդները եւս ՀՅԴ-ին սատարողներն են` Ժորժիկ Աբրահամյանը եւ Կարեն Խանլարյանը: «Մինչ օրս որպես ամենախոշոր կրոնական` քրիստոնյա համայնք, հայերին հատկացված է 2 տեղ, այլ կրոնական փոքրամասնություններին` մեկական տեղ»։
Հայ համայնքի շահերը Իրանի խորհրդարանում ներկայացրած եւ 10-րդ գումարման Մեջլիսում էլ ներկայացնել հավակնող, պատգամավորի թեկնածու Կարեն Խանլարյանը «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Իրանից փոխանցեց` ինքն առաջիկայում պատրաստվում է խորացնել ու ընդլայնել արդեն իսկ որդեգրված քաղաքական կուրսը: Առանցքում են Իրան-Հայաստան հարաբերությունները, իսկ այժմ` պատժամիջոցների չեղարկումից հետո, ուրվագծվում են գործակցության նոր ոլորտներ։ «Մեծ հնարավորություններ կստեղծվեն տարբեր ոլորնտերում: Տուրիզմը` միանգամայն նոր որակով, հաղորդակցությունը` նաեւ երկաթգծի իմաստով: Արդեն սկզբունքային նոր համաձայնություններ կան»,- ասում է։
Ապրիլի 24-ին ընդառա՝ջ Իրանում փորձ է արվելու Հայոց ցեղասպանության հարցն ավելի բարձր ամբիոններ հասցնել` ընդհուպ մինչեւ Մեջլիսի խոսնակի մակարդակով: Կարեն Խանլարյանը փոխանցում է, որ այնտեղ օրենքով դատապարտելու պրակտիկա չկա, ընդունված է նման հարցերին դեկլարատիվ մոտեցում ցուցաբերել: Երկու տարի առաջ մեջլիսի փոխխոսնակը դատապարտեց 1915-ի դեպքերը` պաշտոնապես խոսելով Ցեղասպանության մասին, ինչն արդեն աննախադեպ երեւույթ էր: «Մենք փորձում ենք այս ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել, բայց բանավոր հայտարարությունների մակարդակով` հասնելով ճանաչման ավելի բարձր մակարդակի»:
Վաղն Իրանում արդեն լռության օր է, այսօր դեռ նախընտրական թեժ պայքար է ընթանում երկրում: Իսկ փետրվարի 26-ի ընտրություններին հայ համայնքին հատկացված 2 տեղի համար պայքարելու է 8 հայ թեկնածու:




