

88-ի այս օրերին Հայաստանն ու Արցախն ազգային վերազարթոնքի մեջ էին, ինչը և դրեց սկիզբը ազատ ու անկախ Արցախի հետագա գոյությանը: 88-ի ազգային շարժումը շատերի կենսագրականում դարձավ բեկումնային՝ 88-ից առաջ ու հետո: Այդպիսիների թվում է նաև կինոօպերատոր Արտո Խաչատուրյանը, ով իր տեսախցիկով դարձավ այդ շարժման, իսկ հետագայում նաև արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:
«88-ի շարժումն ինձ համար հետաքրքիր էր նախ որպես հայ տղամարդ ու քաղաքացի: Ծանոթ լինելով այդ շարժման ակունքներում կանգնած գործիչներին՝ տեսնում էի այդ շարժման տրամաբանական շարունակությունը: Նրանք բավականին գրագետ էին ու հեռատես՝ հասկանալու համար, որ հողը երբեք նվեր չի տրվում, այն կամ գնում ես, կամ էլ գրավում: Պատերազմն անխուսափելի էր: Ես ինքնաբերաբար ներգրավվեցի այդ ամենի մեջ ու ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Արցախ»,-պատմում է կինոօպերատոր Արտո Խաչատուրյանը: Ինչ հայացքով էր նայում նա այն ամենին, ինչ կատարվում էր նրա շուրջ : «Հաստատ ոչ դիտորդի»,-վստահեցնում է զրուցակիցս:
1993-ի ամենադաժան ժամանակաշրջանում Արցախի մասին գեղարվեստական ֆիլմ նկարելու առաջարկ ստացավ: «Մի տեսակ տարօրինակ էր պատերազմի դաշտում գեղարվեստական ֆիլմ նկարելը, բայց այն նկարվեց»,-ասում է: Ավելի ուշ Վրեժ Պետրոսյանի հետ աշխատում էր «Անավարտ դասամիջոց» վավերագրական ֆիլմի վրա: Այն պատմում էր պատանիների ջոկատի մասին, որի կազմում 12-15 տարեկան երեխաներ էին, հավաքվել էին տարբեր վայրերից՝ Արցախից, Երևանից, Գորիսից: Կատարյալ ազնվությամբ օժտված երեխաներ, չնայած ոմանք և՛ խմում էին, և՛ ծխում: Շատ դեպքերում ավելի արագաշարժ էին և ճկուն, քան հասուն տղամարդիկ: Կռվում էին անձնազոհ: Նրանք պարզապես սիրում էին այդ հողը,-ասում է զրուցակիցս:
«Արցախյան օրագիր» հայտնի ֆիլմաշարի օպերատորը ևս Արտո Խաչատուրյանն է: Զինադադարից հետո՝ 1995 թ. ավստրիացի հայազգի ռեժիսոր Օհանջանյանի հետ աշխատել է «Արցախի օրագիր» լիամետրաժ փաստագրական ֆիլմում: Ցվետանա Պասկալևայի հեղինակած «Նվիրյալները» հեռուստահաղորդումը ևս նրա օպերատորական աշխատանքի արդյունքն է:
«Այս հաղորդաշարն իրականացնում ենք մեր ընկերների առաջ պարտքի զգացումով»,- ասում է օպերատորը: Պարտքի զգացումով է վերաբերում նաև հողին, որը կոչվում է Հայաստան:
«Ցանկացած հայի մեջ ապրում են այս հիշողությունները, և լավ է, որ ապրում են, չնայած մենք պատմության դասերը լավ չենք սերտում: Շատ ենք սխալներ թույլ տալիս»,-ասում է արվեստագետը:
«Մեր մեծ ու փոքր սխալներով, այնուամենայնիվ, կարողացանք միավորվել և հաղթել Արցախյան պատերազմում: Ո՞րն էր գաղտնիքը»,-հարցիս պատասխանում է. «Որովհետև ունեինք զորավարներ, որոնք գիտակցում էին՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»: Ամենատպավորիչ հուշերը, երբ անդրադառնում է արցախյան պատերազմի տարիներին:
«Արցախն ինձ համար հիշողություն չէ», -ասում է,-«այլ ներկա, որովհետև ամսվա մեջ առնվազն մեկ անգամ այցելում եմ Արցախ, հանդիպում ընկերներիս հետ»: Նրա համար ընդունելի չեն հայաստանցի, արցախցի տարանջատումները: Ընդունում է միայն «հայ» ասվածը: Արտո Խաչատուրյանի համոզմամբ կարևոր չէ՝ որտեղից է մարդը, կարևորը նրա ազնվության աստիճանն է:




