

Ձայների 79 կողմ, 11 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ առաջարկող օրինագիծը: Կառավարությունը փորձում է կարգավորել օբսիդիանի հանքավայրերի շահագործման պայմանները՝ նվազեցնելով սահմանված պետական տուրքի դրույքաչափը:
«Տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի փաստաթղթավորված ձեռք բերման հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան»,- երեկ քննարկման ժամանակ ասել էր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Ըստ նախագծի ՝ այսուհետ օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար կսահմանվի տարեկան 100 հազար դրամ տուրք:
Նախագծի վերաբերյալ երեկ իր մասնագիտական վերապահումներն էր ներկայացրել Հրանտ Բագրատյանը. նա այսօր էլ դրանք հիշեցրել է քվեարկությունից առաջ, ինչին տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է արձագանքել:
Բագրատյանը հայտարարել է, որ նախագիծը տուրքի մասին չէ. «Եթե միայն քվերակելով է, բերեք քվեարկենք, Մուշն ու Վանն էլ միացնեք Հայաստանին, պրծնի գնա»: Օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին՝ հակադարձել է Վարդան Այվազյանը ու նշել, որ երեկ քննարկված առաջարկներն օրենսդրական այլ կարգավորումներով լուծվելիք խնդիրներ են:
Խորհրդարանն այժմ քննարկում է մեկ այլ օրինագիծ, որով կրկին փոփոխություններ են առաջարկվում «Պետական տուրքի մասին» օրենքում, բայց կարգավորումները բխում են ԵԱՏՄ շրջանակներում արտաքին առևտրի պայմանների կանոնակարգման անհրաժեշտությունից:
Ըստ նախագծի՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների երրորդ երկրներից ներմուծման և երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար կսահմանվի 1000 դրամ տուրք: Նախագիծը կրկին արժանացել է Հրանտ Բագրատյանի քննադատությանը: Նրա հարցին, թե ո՞ր պայմանագրի ո՞ր կետով է այս տուրքը սահմանվում, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փաստաթուղթը ԵՏՄ հիմանկան պայմանագիրն է մատնանշել ու նաև բացատրել. «Սա մեր պարտավորությունների շրջանակն է , ուզենք թե չուզենք պետք է այդ լիցենզիաներն ու արտոնագրերը տանք: Թե Ռուսաստանում, թե Ղազախստանում, հավատացեք, այդ տուրքերն անհամեմատ բարձր ենք: Մենք էլ ինչ ենք արել, 1000 դրամ տուրք ենք սահմանել, դարձերեցիք հայկական հարց»:




