
Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրությանը հակասող է ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը։ Դրանք հակասահմանադրական են ճանաչվել այնքանով, որքանով «տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը»:
Դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով խորհրդարանին եւ կառավարությանը համապատասխան փոփոխություն անել օրենսդրությունում։
Հարցի էությունը. Սահմանադրական դատարան դիմել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Կազմակերպությունը վիճարկում էր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: 2013թ.-ի օգոստոսի 19-ին ԻԱԿ- ը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի`
դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ
շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դատարանը մերժել էր կազմակերպության հայցը, իսկ վերադաս դատարանները վճիռը թողել էին անփոփոխ՝ մերժելու հիմքում դնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:




