

Այսօր լրանում է հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ու հասարակական գործիչ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի մահվան 20-ամյա տարելիցը: Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն գրողի հիշատակի ու նրա արվեստի հավերժ մտորումները բարձրաձայնելու են եկել հարազատները, գրչակիցներն ու նրա պոեզիան գնահատողները;
Բանաստեղծ Վահագն Դավթյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքը Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքից գաղթեց ու հաստատվեց Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Անցյալ դարի 30-ականներին արաբկիրցիները Երևանում Նոր Արաբկիր թաղամասը հիմնեցին, որտեղ մոր և քրոջ հետ ինքն էլ հաստատվեց Երևանում, հետո հայրենիք եկավ նաեւ հայրը։ Դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, այժմ ապրում է հայրական տանը, ասում է տան ամեն մի անկյունը հոր մասին հիշողություններ են արթնացնում: Արդեն թոռների տեր տիկին Հասմիկի ականջին հոր խորհուրդները միշտ են զրնգում և յուրաքանչյուր քայլ կատարելիս ինքն իրեն հարցնում է՝ ի՞նչ կմտածեր հայրս:
Գիրքը որպես պաշտամունքի առարկա էր հորս համար,ասում է դուստրն ու հավելում՝ այդպես գրքասեր էլ դաստիարակեց զավակներին:
Պոեզիայի բազում ժողովածուներ՝ «Անքնություն», «Լույս առավոտի», «Ասք սիրո», «Լույսն իբրև հաց» այլն, «Թոնդրակեցիներ» պոեմը, բեմադրված «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» պիեսները, պատասխանատու աշխատանքներ տարբեր թերթերում և հանդեսներում, պետական ու հասարակական գործունեություն, և անթիվ ու անհամար հոդվածներ, գրականագիտական մեկնություններ:
Խորհրդային տարիներին Վահագն Դավթյանը չի ունեցել գնահատանքի պակաս: Գրողի ստեղծագործությունները տպագրվել են գրական թերթերում ու ամսագրերում, ասում է գրականգետ Պետրոս Դեմիրճյանն ու ավելացնում՝ Դավթյանը մեր մտապատկերում դաջվել է որպես քնարական գրող, սակայն 1988 թվականից հետո նրա մոտ փոխվել են մոտեցումները, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև իր ստեղծագործություններում:
Վահագն Դավթյանը Հայաստան- Սփյուռք մշակութային երկխոսության կամրջի հիմնադիրներից էր, Գրողների միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանի դիտարկումն է: Հայ անվանի գրողների ստեղծագործական բուռն գործունեությանը զարկ էին տալիս Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները, ասում է Միլիտոնյանը: Անցյալ դարի 90-ականներին Վահագն Դավթյանը 4 տարի ղեկավարել է Հայաստանի Գրողների միությունը: Ստեղծագործական միության այժմյան նախագահ Էդուրադ Միլիտոնյանի հուշապատումներն այդ տարիներից են, երբ ստեղծագործական միությունը չուներ պետական աջակցություն։ 1988 թվականից հետո առաջնահերթ խնդիր էր միության շենքի պահպանությունը, այնուհետև՝ ստեղծագործական դժվարությունները հաղթահարելը:
Գրողների միությունը Վահագն Դավթյանից հետո ղեկավարած գրչակից ընկերներից Ռազմիկ Դավոյանն էլ նկատեց. «Վահագն ինձնից երբեք չի հեռացել, սակայն ինձ համար ցավ է, որ ի տարբերություն իր գրչակից մյուս ընկերների, Վահագն Դավթյանը չի ունեցել իր անձնական քարոզիչը»:
Դավթյանի բանաստեղծություններն այսօր էլ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչում են Հանրային ռադիոյով: Քարոզչամեքենան գրողի համար չի աշխատել, նկատում է Դավոյանը։
Հաջորդ տարի գրական աշխարհը կտոնի Վահագն Դավթյանի ծննդյան 95-ամյակը:




