Հասարակություն

Հայաստանում PR-ին լուրջ չեն մոտենում

karenghazaryan
Հայաստանում PR տեխնոլոգիաների խնդիրների մասին են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանում վիճակը տխուր է, քանի որ PR տեխնոլոգիաների դիմում են հիմնականում ճգնաժամային իրավիճակներում, իսկ երբ վիճակը լավ է՝ մոռանում նրանց մասին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի փոխանցմամբ՝ գոյություն ունի PR-ի 14 տեսակ, որոնցից անհրաժեշտ է օգտվել, սակայն դա հիմնականում չի արվում, քանի որ մարդկային ռեսուրսը Հայաստանում գին չունի:

 

Որոշ օրինակներ ներկայացնելով իր 25-ամյա գործունեությունից՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ PR-ն ունի 14 տեսակ եւ բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնցից պետք է օգտվել: Նա կարեւորեց տարբեր ոլորտներում PR-ի նշանակությունը: Ըստ սոցիոլոգի, սակայն, Հայաստանում դրա լրջությունն ամբողջությամբ չի ընկալվում.

«Մեր տնական մակարդակով խաղացողները չեն հասկանում, թե որքան լուրջ է դա եւ որքանով է անհրաժեշտ»:

Սոցիոլոգի գնահատմամբ՝ Հայաստանը որպես երկիր դրսում ներկայանալու խնդիր չունի, սակայն պետք է կարողանա օգտվել PR տեխնոլոգիաներից: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մինչդեռ, ընդհանուր առմամբ համամիտ լինելով սոցիոլագի հետ, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանը որպես երկիր լուրջ խնդիր ունի դրսում ներկայանալու համար: Քաղտեխնոլոգն, ի տարբերություն սոցիոլոգի, կարծում է, որ դրսում Հայաստանը որպես բրենդ ճանաչված չէ:

«Հայաստանում PR-ը ծիծաղելի վիճակում է: Ծիծաղելի, որովհետեւ մինչեւ այսօր բավականին լուրջ, գունե՝ «ստատուսով» լուրջ, գործիչների թվում է, թե PR-ը, դա գովաբանությունն է, սեւ PR-ը՝ ցեխ շպրտելը: Դրանից այս կողմ-այն կողմ՝ նրանք PR չեն հասկանում»:

Քաղտեխնոլոգը ծիծաղելի է համարում նաեւ այն փաստերը, երբ խոսվում է դրսից PR մասնագետներ բերելու մասին: PR-ի հիմնական բաղադրիչներից մեկը տեղի մտածելակերպն է, ազգային հատկանիշները, ինչը դրսից եկած մարդը չի կարող մի քանի ամսում ուսումնասիրել ու հասկանալ: Եթե տեղում դրսից եկածների հետ չաշխատի տեղական մասնագետ, ապա դրսի մասնագետները դառնում են զրո՝ համոզված է Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում էլ խնդիրը ընդհանրապես ծայրահեղացվել է ու դարձել ծիծաղելի: Քաղաքական գործիչների մեծամասնությունը կարծում է, որ եթե իր մասին որեւէ բան է գրվում, ապա դա պատվեր է:

Մասնագետները կարծում են, որ իմիջի ձեւավորման համար պետք է շարունակաբար աշխատել եւ զգոն լինել, քանի որ տարիների աշխատանքի արդյունքը կարող է մեկ վայրկյանում «ջուրն ընկնել»: Այդպիսի օրինակներ էլ հայաստանյան քաղաքական դաշտում շատ են՝ շեշտեց Կարեն Քոչարյանը: Ահարոն Ադիբեկյանն էլ մի նրբության մասին խոսեց, որին Հայաստանում չեն անդրադառնում: Խոսքը կազմակերպությունների ներսում PR-ի մասին է: Այս հարցում, սակայն, քաղտեխնոլոգի եւ սոցիոլոգի տեսակետները տարբերվում էին:

Վստահության խնդիրն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, մեզանում չի լուծվում, քանի որ մարդկային ռեսուրսը ճիշտ չի գնահատվում եւ դեռ գին չունի: Թե՛ սոցիոլոգը, թե՛ քաղտեխնոլոգն համոզված են՝  ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հայաստանում PR-ին լուրջ չեն մոտենում եւ դրանից օգտվում են ծայրահեղ վիճակում միայն, իսկ երբ ամեն ինչ լավ է՝ մոռանում են, ինչպես, օրինակ, ընտրությունների շրջանում եւ դրանից հետո:

Կարդացեք նաև

Back to top button