Քաղաքական

ՀՅԴ- ի կոալիցիա կազմելով՝ ՀՀԿ- ն մանեւրելու հնարավորություն է ստանում

lianaeghiazaryan

Հայաստանում ձեւավորվող քաղաքական նոր կոալիցիան ի՞նչ կտա իշխող կուսակցությանը, ի՞նչ կշահի ՀՅԴ-ն, ու արդյո՞ք ՀՀԿ-ի հետ գործակցության հին ձեւաչափին նորից անցնելը չի վնասում Դաշնակցության վարկանշին: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է` զավեշտալի է ու ժպիտ է առաջացնում որոշ քաղաքական ուժերի հայտարարությունները ՀՅԴ «ծախված» լինելու մասին: «Պարզապես նայեք, թե ովքեր են այդ հայտարարությունների հեղինակները»,-ասել է Քոչարյանը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր հերթին շեշտել է` ՀՅԴ-ն գոնե հավատարիմ է մնում իրենց սկզբունքներին, թեեւ, ըստ նրա, «քաղաքականությունն այնպիսի բան է, որ 6 ամիս հետո կարող են հրաժարվել իրենց ասածից»:

 

ՀՅԴ-ի հետ կոալիցիայի գնալով` իշխող կուսակցությունն իրեն շատ հարցերում մանեւրելու հնարավորություն է տալիս, կարծում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: «ՀՀԿ-ն արդեն շատ հարցեր կարող է «պաս տալ» Դաշնակցությանը, եւ եթե մի բան լինի, ուղղակի կասեն` Դաշնակներն են ասում»։

Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՅԴ-ի վարկանիշի վրա ՀՀԿ-ի հետ գործակցության հին ձեւաչափին նորից անցնելը: Սա քաղաքական գործընթաց է, երբ կողմերը եկել են համաձայնության. ՀՀԿ-ն իր հարցերն է լուծել, ՀՅԴ-ն` իր: Արտասահմանյան դաշնակցական ուժերից էլ այս առումով դժգոհություններ կարծես չկան, թեեւ սա այն ուժն է, որ անգամ ներքին խմորումների առկայության դեպքում հանդես է գալիս միասնաբար, ասում է Տիգրան Քոչարյանն ու միաժամանակ մատնանշում իր դիտակետում հայտված մի հակասություն:

«Պահպանողական եւ սոցիալիստական կուսակցությունների բախում է լինելու: Տնտեսական ոլորտում հետաքրքիր կլինի հետեւել` կկարողանա՞ արդյոք Արծվիկ Մինասյանը սոցիալական քաղաքականություն տանել` լինելով էկոնոմիկայի նախարար եւ գտնվելով Հանրապետականի «պահպանողական տենդենցի» տակ»,- ասում է։

Տիգրան Քոչարյանն անդրադարձավ հայտարարություններին, թե դաշնակները «ծախվել» են իշխանությանը:  Տեղեկատվական անվտանգության մասնագետը միանգամից հարց է բարձրացնում` իսկ ուշադրություն դարձրե՞լ եք, թե ովքեր են հայտարարության հեղինակները: «Մեղադրում են այն կուսակցությունները, որոնք այսպես թե այնպես գործակցում են կամ իշխանության, կամ իշխանության ինչ-որ մի թեւի հետ:»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից ակնկալիքներին մեկ այլ կողմից էլ է մոտենում: Ներկա քաղաքական զարգացումների պայմաններում անհրաժեշտ է ակտիվացնել ողջ Սփյուռքը՝ նաեւ Մերձավոր Արեւելքում, իսկ Սփյուռքի հետ թիվ մեկ կամուրջը հենց Դաշնակցությունն է: Դրան էլ գումարած Իրանի գործոնը, որի հետ ՀՅԴ-ն շատ սերտ կապերի մեջ է:

Կարեն Քոչարյանը հիշում է, որ իշխող կուսակցության հետ նախկին կոալիցիայի ժամանակ Դաշնակցությունը մշտապես հայտարարում էր, որ այս կամ հարցի առումով իրենք պատասխանատու են իրենց մասով: Հիմա հարց է ծագում, ասում է քաղտեխնոլոգը: «Հիմա պատրաստ կլինի՞ արդյոք ՀՅԴ-ն կիսել պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ, թե՞ էլի ասելու է` ես իմ մասով եմ պատասխանատու»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այլ դիտարկումներ ու հարցեր էլ ունի: Օրինակ` ինչո՞ւ որպես սոցիալիստական կուսակցություն Դաշնակցությունը չվերցրեց Սոցապնախարարությունը: Միաժամանակ բանախոսը կարծում է` կոալիցիոն համաձայնության գնալով՝ իշխանությունը ազատվեց ամենախնդրահարույց մարզից` Շիրակից:

Ի հավելումն` տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նշում է` ՀՅԴ-ին գուցե տարբեր հարցերում կարելի է մեղադրել, բայց նրանք սեփական սկզբունքներին մնացին հավատարիմ:  Պահանջում էին անցում երկրի կառավարման խորհրդարանական համակարգին, ինչպես վերջին 25 տարում ու մնացին իրենց պահանջին: «Այն, որ հանրությունը չի սիրում բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես հայտնվում են իշխանամերձ ոլորտում,  դա պարզ է: Բայց հանրությունը կարող է իր վերաբերմունքն արտահայտել առաջիկա ընտրություններին»,- կարծում է քաղտեխնոլոգը։

 

Կարդացեք նաև

Back to top button