

Ի՞նչ միտումներ են գրանցվել Հայաստանում անցյալ տարվա առաջին 9 ամիսներին օտարեկրյա ներդրումների մասով, ո՞ր երկրներն են իրենց ներդրումները վստահում մեր երկրին, ո՞ր ոլորտներն են առավել եկամտաբեր դիտարկվում, եւ, ի վերջո, ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստան ուղղվող ներդրումների մասին դիտարկումները խիստ իրարամերժ են ու հակասական: Մինչ էկոնոմիկայի նախարարությունը, հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը, ներդրումների աճից է խոսում, տնտեսագետները հակառակն են պնդում:
2015-ի առաջին 9 ամիսներին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում օտարերկրյա ներդրումներն ավելացել են շուրջ 80 մլն դոլարով, այդ թվում` ուղղակի ներդրումներն աճել են 38 մլն դոլարով. այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը` պարզաբանելով, որ անցյալ ողջ տարվա ներդրումային պատկերը պատրաստ կլինի մարտին միայն: «Մեր բոլոր հիմնական գործընկեր երկրներից ներդրումներն աճել են, բացառությամբ՝ Ռուսաստանի։ Կարծում եմ` բոլորին հասկանալի պատճառներով»:
Շվեյցարիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Էմիրություններ. սրանք մի քանիսն են այն երկրներից, որտեղ վստահում են իրենց ներդրումները մեր երկրին: Վահագն Լալայանը թվարկում է ոլորտները, որոնք ստացել են դեպի Հայաստան ուղղվող օտարերկրյա ներդրումների ամենամեծ չափաբաժինները` հանքագործություն, հիմնային մետաղների արտադրություն, էներգետիկա, մշակող արդյունաբերություն:
Անցյալ տարվա առաջին 9 ամսում ներդրումների որոշակի ակտիվություն է նկատվել անշարժ գույքի շուկայում, ընդ որում` աչքի են ընկել ներդրումներն Արաբական Միացյալ Էմիրություններից: Ինչպե՞ս է ստացվում, որ թե հայ, թե արտասահմանցի բազմաթիվ փորձագետներ ու տնտեսագետներ խոսում են դեպի Հայաստան ուղղվող ներդրումների կտրուկ կրճատումից ու Հայաստանի ներդրումային գրավչության նվազումից, իսկ հայաստանյան վիճծառայությունը միայն աճ է արձանագրում։
«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետը նախ երկար մանրամասնեց` ինչ է ներդրումն ու ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվում, ապա հակադարձեց` «Ես դեռ ոչ մի տեղ չեմ տեսել այդպիսի գնահատական, գոնե այնպիսիք, որոնց տակ կան հստակ հիմնավորումներ»։Բայց միաժամանակ Վահագն Լալայանը նշում է, որ անցյալ տարվանից վերանայվել է օտարերկրյա ներդրումների գնահատման մեթոդաբանությունը:
Գուցե դա՞ է պատճառը, որ թվերը տարբեր դիտակետերում տարբեր պատկեր են ստանում` մի կողմում նվազում, մյուսում` աճ: Սա հարցի այլ կողմն է: Մյուս կողմից էկոնոմիկայի նախարարության ներդրումների մասով պատասխանատուն շեշտեց` 2015-ին իրենք ընդունել են ներդրումային հայեցակարգ, որով եւ պետք է առաջնորդվեն:
Իսկ արդյո՞ք էկոնոմիկայի նախարարությունը վերանայել է 2015-ին ընդունած եւ այդքան կարեւորվող իր ներդրումային քաղաքականությունը այն բանից հետո, երբ համաշխարհային տնտեսությունը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց, փոխվեցին նավթի գները, փոխարժեքները կտրուկ տատանվեցին, իսկ Ռուսաստանը պատժամիջոցների տակ ընկավ: Պարզվում է` ոչ, Հայաստանի հավակնությունները ներդրումների մասով փոփոխելու կարիք չկա, «որովհետեւ հայեցակարգը տալիս է սկզբունքային փոփոխություններ իսկ դրանք կարճաժամկետ փոփոխություններով չեն փոփոխվում»։
Ներդրումների մասով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական դիտարկումն ունի: «Եթե մենք ինքներս մեր ներքին ներդրումները չենք վստահում մեր երկրին, ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է արտասահմանցի ներդրողը վստահի Հայաստանին». հարց է բարձրացնում Մանասերյանը: Փողից ավելին այժմ մեզ վստահություն է պետք. շեշտում է մասնագետը: «Մեզ մոտ հիվանդություն է` անընդհատ խոսել օտարերկրյա ուղղակի ներդրումներից: Եթե մենք չենք վստահում մեր ներքին ներդրումները մեր երկրին, չենք գնում մի բաժնետոմս, ինչպես պետք է օտարին ասենք` հենց մոտ ներդրում կատարիր»,- ասում է։




