

Երեւանի կենտրոնում հնագույն շինությունները քանդելով եւ դրանց փոխարեն բազմաֆունկցիոնալ շենքեր կառուցելով՝ վերջնականապես կորցնում ենք Երեւանի դեմքը, ինչը մեծ հարված է նաեւ տուրիզմին ու գինեգործությանը: Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների հնագույն շենքերի ապամոնտաժման վատ հետեւանքների մասին են այսօր ահազանգել խնդրով անհանգստացած տուրիստական եւ գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, թե չեն հավատում քաղաքաշինության նախարարի այն վստահեցումներին, որ Երեւանի կենտրոնական հատվածներում գտնվող հնագույն գինու հնձանները չեն քանդվելու:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ իրենց անվստահությունը հիմնված է փորձի վրա: Նա շեշտեց, որ արդեն 30-ից ավելի պատմամշակութային շենք է քանդվել, ինչը խոսուն փաստ է, որը ասելով չէ, այլ՝ գործով:
«Այստեղ անձի խնդիր չէ, այլ՝ վարվող քաղաքականության գաղափարի: Եթե հիշում եք, երբ նոր էր կառուցվում Հյուսիսային պողոտան, ասում էին, որ լինելու է մեկ ուրիշ ձեւի, բայց այն փոխվեց ու դարձավ բոլորովին այլ բան: Ներկայումս մենք տուրիստին այդ փողոցով երկար չենք պտտում; Մենք փորձում ենք տանել երեւանի ինչ-որ բակեր, որ կարողանանք Երեւանի ու հայկական շունչ ցույց տալ»:
Հնությունները արժեք են եւ դրանք կարելի է պարզապես վերակառուցել: Ի վերջո, հենց այդպիսին է այլ երկրների փորձը: Կառուցողները պետք է լսեն նաեւ տուրօպերատորներին ու գինեգործներին, երբ խոսքը նաեւ գինու հնագույն հնոցների մասին է: ԳԱԱ-ի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի խոսքով՝ միայն գինու հնոցների պահպանումը խնդրի լուծում չէ, քանի որ պատմամշակութային հուշարձանը նաեւ միջավայրն է, որ պիտի պահպանվի:
«Պիտի աչքի լույսի պես պահպանվեն, որովհետեւ մեր հարստությունն են: Հնագիտական հուշարձանները քանդելուց հետո երբեք վերականգնել-հետ բերել հնարավոր չէ»:
Պատմական հուշարձանների պահպանությունը նույնպես մշակույթ է՝ հավելեց հնագետը: Նա կարծում է, որ մեր երկրում դա նոր է սկսվում ձեւավորվել: Գինեգործներն էլ անհանգստացած են, որ մինչ այդ մշակույթի ձեւավորումը՝ երկրում գինու հնագույն հնոցներ մնացած չեն լինի: Գինեգործ Գարուշ Սամվելյան.«Տրինիտի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն էլ Երեւանի հնությունների նկատմամբ վերաբերմունքը պատկերավորեց հանճարեղ լոռեցու հայտնի հեքիաթի հերոսի հետ համեմատությամբ»:
Նունե Մանուկյանը չի կիսում այն միտքը, թե դրանք պահպանելու համար ավելի շատ գումարներ են պահանջվում, ուստի քանդելն ավելի հեշտ է ու ճիշտ:
«Այո, բոլոր հին բաները գումար են պահանջում պահպանելու համար, բայց հենց դա է բերում ավելի շատ գումար, քան այն մեռած փողոցը, որ կա»:
Անդրադառնալով «Հին Երեւան» նախագծին՝ տուրօպերատորն ասաց, որ ծանոթ է դրան եւ չի կարծում, որ այն կարող է տուրիստներին հետաքրքրող նախագիծ լինել, քանի որ ավելի շատ հիշեցնելու է առեւտրի տաղավարներ: Դա չի կարող Հին Երեւան լինել: Մենք կորցնում ենք Երեւանի այն դեմքը, որը կարողանում ենք որպես արտադրանք վաճառել՝ շեշտեց Նունե Մանուկյանը:




