Հասարակություն

Ոչ մի սենսացիոն երեւույթ, պարզապես եղանակի կտրուկ տաքացում. Գագիկ Սուրենյան

lianaeghiazaryan
Հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխությունները բուռն քննարկումների թեմա են դարձել: Արդյոք փետրվարյան կտրուկ տաքացած եղանակն անոմալ երեւույթ է, ինչով է դա սպառնում գյուղատնտեսությանը, եւ ինչ են կանխատեսում մասնագետներն առաջիկա օրերի համար` ցրտահարության ռիսկ կա, թե ոչ:

 

Ոչ մի սենսացիոն երեւույթ, պարզապես եղանակի կտրուկ տաքացում. այսօր հայտարարեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով բնակչության շրջանում եղանակային փոփոխությունների հետ կապված բուռն քննարկումներին: Որ ջերմաստիճանը կտրուկ տաքանալու է, պարտավոր ենք տեղեկացնել, ասաց:

«Հիմա ինչ որ ունենք, ոչ մի սենսացիոն կամ վտանգավոր երեւույթ չէ: Այնպես չէ, որ նման տաքացումներ էլ չենք ունեցել: Առաջիկա օրերին սպասում ենք, որ օդի ջերմաստիճանը որոշակիորեն կնվազի, բայց փետրվարի 22-ից սկսած` նորից կտաքանա, ու 23-ին այս ջերմային ֆոնը կրկին կվերականգնվի»:

Փետրվարի այս շրջանում այսպիսի տաք եղանակ էլի ունեցել ենք` անոմալ երեւույթ չէ: Բայց այս վերջին բարձրացման բացարձակ ցուցանիշը` 16-18 աստիճան, գերազանցում է Հայաստանում արձանագրված ամենաբարձր ցուցանիշը: Սա էլ եւ դիտարկվում է որպես ջերմաստիճանային ռեկորդ: Փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքներն են առաջ բերել օդի ջերմաստիճանի էական բարձրացում: Իսկ արդեն փետրվարի 19-ից ջերմաստիճանը կնվազի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, իսկ մյուս  շրջաններում` 4-5 աստիճանով: «Փետրվարի 19-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում կսկսվեն նաև տեղումներ` լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում  և հովտային շրջաններում անձրևի տեսքով»,- ասաց Սուրենյանը: Այս շրջանում սպասվում են արդյոք ցրտահարություններ, գյուղացիներին մտահոգող հարցը փոխանցեց «Ռադիոլուր»-ը:

«Ես ոչինչ ասել չեմ կարող` ցրտահարություններ կլինեն, թե ոչ: Լինում են տարիներ, որ վաղ ծաղկումից հետո բացարձակ ցրտահարություն չի գրանցվում, լինում է, որ գրանցվում է: Սա ոչ ոք ասել չի կարող»:

Արդյոք եղանակի տաքացումը նշանակում է, որ գարունն արդեն սկսվել է ու, ինչպես գյուղացիներն են ասում, «տարին առաջ է»: «Հիմա տաք եղանակի շարունակվելը կարող է բերել ծառերի վաղ ծաղկման, ինչը ցանկալի չէ, քանի որ դեռ կարող է ցրտել: «Եթե եղանակը շարունակի տաք մնալ, ոչ մի կորուստ չի լինի»,-ասում է Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, բայց նաեւ շեշտում` առաջիկա 2 ամիսը դեռ խիստ ռիսկային է: Գյուղատնտեսական տարվա միտումների մասին այժմ կարելի է միայն «եթե»-ներով խոսել:

«Ցավոք, տարիների փորձը ցույց է տվել, որ մինչեւ ապրիլի22-24-ը բացասական ջերմաստիճանի վտանգ կա, ու հավանականությունը բավականին մեծ է: Ամբողջ խնդիրը սրանում է»:

Կարդացեք նաև

Back to top button