

Կառավարությունն այսօրվա որոշմամբ սահմանամերձ համայնքներին որպես պետական աջակցություն հատկացրել է 928 մլն 871 հազար դրամ` բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին: «Յուրաքանչյուր տարի մենք աջակցություն ենք ցուցաբերում սահմամերձ համայնքների բնակիչներին և այս որոշումը դրա շրջանակում է»,- ասել է ՀՀ վարչապետը:
Գումարի բաշխումը համապատասխան մարզերի միջև իրականացվել է՝ հիմք ընդունելով գույքահարկի և հողի հարկի մասով 2013 թվականի համայնքային բյուջեներով պլանավորված ցուցանիշները, իսկ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման համար կողմնորոշիչ չափաքանակներ են հանդիսացել բաժանորդների կողմից կատարված ծախսերը:




