

Նոր ու լրացված հայտարարագիր՝ ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում առաջացող խցանումների նվազեցման նպատակով: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ ԿԲ առաջարկելու է նախագիծ, որով պարզեցվելու է ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը: Նախագծի ընդունման դեպքում պատահարի մասնակիցները կարող են առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու, լրացնել համաձայնեցված հայտարարագիր, դրանից հետո ստանալ պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Պարզեցվելու է նաև պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է խաղողի օղիների արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: նախագծի հիմնավորման համաձայն, այժմ գործող օրենսդրությամբ սահմանված է, որ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից` գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25%) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով: Մանրամասները ներկայացված են նախագծի հիմնավորման մեջ, իսկ նախագծի ընդունումից ակնկալվում է, որ կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերվել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով, գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաև վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները, կսկսվի նոր արտադրատեսակի՝խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, բացի այդ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: Նշենք, որ փաթեթը օրենքի նախագիծ է, որը կառավարության ընդունումից բացի , կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ում:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիություն և որակի ապահովում, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու մասին նախագիծը: Այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք տեղական ու միջազգային իրավական ակտեր, նպատակը մեկն է՝ համընդհանուր ներառական, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում: Վերլուծելով ըթնացիկ իրավիճակը, նախագծում նշվում է , որ առկա չէ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերման ու հաշվառման համակարգ, ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները, հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ինչը խոչընդոտում է ներառական կրթության արդյունավետ իրականացմանը: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:




