Քաղաքական

ԸՕ նոր կարգեր՝ ըստ հակակոռուպցիոն կենտրոնի

lenabadeyan
Համապետական քվեարկությունները տարբեր ձեւերով վերահսկելու մեխանիզմների կողքին կա եւս մեկը, որը ստեղծել է  «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դարձավ չորրորդ քվեարկությունը, որ դիտարկվեց նաեւ այդ էլեկտրոնային մոնիտորինգի ծրագրով, ինչի արդյունքում ի հայտ եկան որոշակի թերություններ եւ խախտումներ: Այդ ամենի հիման վրա հակակոռուպցիոն կենտրոնը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ հետ համատեղ մշակել են ԸՕ-ի փոփոխություններին առչվող առաջարկություններ:

 

Ընտրական նոր օրենսգիրքի ընդունման ժամկետը, որը բխում է սահմանադրական փոփոխություններից, սահմանված է հուլիսի 1-ը: Այսինքն՝ Աժ-ն այս նստաշրջանում պետք է քննարկի եւ ընդունի այդ փաստաթուղթը: Սակայն, պաշտոնապես մեկնարկած քննարկումներ եւ մշակումներ դեռ չկան: Տարբեր քաղաքական ուժերը շրջանառության մեջ են դնում իրենց կարծիքով ամենաարդյունավետ գործիքները, ինչպիսիք են, օրինակ՝ էլեկտրոնային քվեարկությունը կամ 6 հազար դիտորդի գաղափարը: Այս երկու առաջարկին էլ որոշակի վերապահումով է մոտենում «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Կարծում է այս փուլում դրանց արդյունավետությունն ապահովել հնարավոր չէ:

«Հաշվի առնելով մեր ընտրացուցակները՝ խնդիրը շատ լուրջ մնում է այդ բազմակի քվեարկությունը ինչպես չեզոքավցի: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխարգելել, եթե չկա քաղաքական կամք: Ինչ վերաբերում 6 հազար դիտորդին, ապա ես վստահ չեմ, որ նրանք իսկապես կկարողանան շատ լավ վերահսկել: Այսինքն՝ հավաքել 6 հազար դիտորդ, որը կարողանա եւ շատ գրագետ, եւ շատ սկզբունքային պահել տեղամասը: Հնարավոր կլինի, թե ոչ՝ ես վստահ չեմ: Հաշվի առնելով Հայաստանում ինչպիսի մեխանիզմներ են գործում նույն դիտորդների եւ ահաբեկելու, եւ կաշառելու»:

Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն իր հերթին ունի «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ»-ի  առաջարկները, որոնք մշակվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ հետ համատեղ: Կարծում են անհրաժեշտ է 10 սկզբունքային փոփոխություն ԸՕ-ում, որի մշակումն ու ընդունումը պետք է լինի թափանցիկ պայմաններում: Սկզբունքային անհրաժեշտ փոփոխություններից երեքը հետեւյալն են.

«Քվեարկությունից հետո ընտրացուցակները պետք է հրապարակվեն, որպեսզի հնարավոր լինի ստուգել: Բազմակի քվեարկությունը բավականի կչեզոքացվի դրա օգնությամբ: Մեկ այլ պահանջ, որը ներկայացվում է՝ տեսաձայնագրումն է, որը պետք է առցանց հեռարձակվի՝ իհարկե, պահպանելով քվեարկության գաղտնիությունը: Եվ, վերջապես, կրթական համակարգում ներգրավվածները չլինեն ընտրական հանձնաժողովների անդամներ՝ դրանով հնարավոր խախտումներին մասնակից չլինեն մանկավարժները: Ի վերջո, նրանք կրթում են ապագա սերունդը եւ սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»:

Հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետների կարծիքով ընտրական նորմալ գործընթացների համար անհրաժեշտ են նաեւ այնպիսի փոփոխություններն, ինչպիսիք են հանրապետությունից բացակայող ընտրողների ցուցակների հրապարակումը, բանակում քվեարկության կարգի վերանայումը, քարոզարշավի ֆինանսավորման եւ հայտարարագրերը ստուգելու մեխանիզմների կիրառումը, բողոքարկման եւ վերահաշվարկի ժամկետների վերանայումը, որ ողջամիտ լինի եւ ապահովի արդյունավետություն:

Հիշեցնեմ, որ այս առաջարկները հիմնված են սահմանադրական հանրաքվեի ժամանակ գործարկված ինտերնետային մոնիտորինգի արդյունքքների վրա, որտեղ հիմք են ընդունվել բացառապես պաշտոնական տվյալները եւ արդյուհանդերձ ի հայտ են եկել որոշակի թերություններ ու խախտումներ:

Կարդացեք նաև

Back to top button