

2015- ին հանրապետությունում արձանագրվել է 15 003 արտակարգ դեպք եւ պատահար, զոհվել է 442 մարդ եւ տուժել 9226-ը՝ այսօր անցած տարվա արդյունքներն է ներկայացրել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհննես Խանգելդյանը: Նա արձանագրել է2015- ին փրկարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով. «տարին առատ էր դեպքերով»։
Սովորական թվերը փաստում են՝ արտակարգ դեպքերը հանրապետությունում 2015-ին աճել են 24 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Մեկ միլիոն 200 ահազանգ՝ մեծ ցուցանիշ է փոքր երկրի համար: Բայց փրկարարները պարտավոր են պատասխանել բոլոր զանգերին, թեպետ հետո պարզվում է, որ դրանց մի մասը երեխաների խաղ է՝ տհաճ արտահայտություններով կամ զավեշտալի ինչ- որ խնդրանքներ: «Մեծ մասը կենցաղային խնդիրներն են լվացքի պարաններ, դուռ է փակվել, բանալի է կոտրվել: Ոչ մի տեղ գրված չէ, որ փրկակարը նման դեպքի պետք է մեկնի, որովհետեւ դա էապես կապ չունի մեր գործունեության հետ, բայց մենք արձագանքում ենք շատ արագ, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ մեր պետությունն իրենց կողքին է՝ հանձինս փրկարարների»,- ասում է Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհննես Խանգելդյանը։
Հասարակությունը սովորել է փրկարարների օգնությանն այն աստիճան, որ դիմում է ցանկացած առիթով: Օրինակ՝ 2015-ի ավարտին՝ աշխարհի վերջի մասին խոսակցություններից մտահոգված քաղաքացին զանգել էր փրկարաններին տեղեկանալու՝ արդյո՞ք գիտեն, թե այդ վերջը երբ է գալու, որ անիմաստ նոր տարվա ծախսեր չանի: Ու չնայած այս ամենին կան նաեւ լուրջ ձեռքբերումներ՝ նույնիսկ հեռախոսով: Շտապօգնության ծառայությանն առնչվող շուրջ 7 հազար զանգ են ստացել փրկարարները եւ ժամանակին տրված խորհուրդների եւ ուղղորդումների արդյունքում 10 կյանք է փրկվել:
Վերադառնալով արտակարգ դեպքերին Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նշեց, որ դրանց մեծ մասը տեխնածին էին: Զոհերի գերակշիռ մասը՝ 346-ը ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունք է: Արտակարգ իրավիճակների պատճառ են եղել նաեւ հրդեհները, եղանակային վատ պայմանները, թունավորումները: Եթե բուսածածկ տարածքներում գրանցված հրդեհների ցուցանիշն աճել է 2,6 անգամ, ապա շմոլ գազից թունավորումները՝ նախորդ տարվա համեմատ նվազել են՝ 2014-ին արձանագրված 7 դեպքի փոխարեն 2015-ին գրանցվել է ընդամենը 3 դեպք: Ի դեպ՝ 2015-ին փրկարարներն ունեցել են նաեւ զինամթերքի հայտնաբերման 234 դեպք, ցուցանիշը 62-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ:
«Ռադիոլուրի» հարցը՝ թե արդյո՞ք սա նշանակում է, որ անօրինական զենք կրողները եւ զինվողները շատանում են եւ արդյո՞ք այս ցուցանիշների մեջ է ներառված նաեւ «զինված բանդայի» բացահայտումը, Խանգելդյանը պարզաբանեց. «Ձեր նշած դեպքը չի մտնում այս ցուցանիշների մեջ: Այսպես ասած աղյուսակը գլխավորում է մայրաքաղաքը՝ 125 դեպքով, այսինքն՝ կեսից ավելի հայտնաբերվել է Երեւանում: Մարզերում բարձր ցուցանիշներով հանդես է եկել Արագածոտնի մարզը, եւ Արարատի ու Արմավիրի մարզերը: Սրանք այն դեպքերն են որ մեր քաղաքացիներն են ահազանգել մեզ: Հիմնականում զգացվում է, որ դրանք հին, ժանգոտած զինամթերք է՝ տարիներ շարունակ հողի զանգվածի տակ է եղել: Դժվար թարմ ատրճանակներ գտնողը մեզ զանգի»։
Ինչ վերաբերում է տեխնիկական հագհեցվածությանն ու փրկարարների աշխատավարձերին, ապա այդ ուղղություններով, ըստ Հովհաննես Խանգելդյանի, դժգոհություններ չկան:




