

«Գյուտարարների ակումբ»-ում այսօր հերթական անգամ հավաքվել էին գյուտարարները՝ այս անգամ հստակ ասելիքով: Ակումբի անդամներից Արմեն Ադամովը ներկայացնում էր իր գյուտերից մի քանիսը, որոնք հետագայում կարող են շրջադարձային նշանակություն ունենալ մի շարք ոլորտներում: Գյուտերից մեկն առնչվում է նաեւ էներգետիկային, եւ այդ նորարարությունը Ադամովը երբեմն որակում է նոր՝ «հայկական էներգետիկա» ձեւակերպմամբ:
Չորս անհավանական եւ միաժամանակ պարզ գյուտ, որ կարող են փոխել աշխարհը: Ու այդ ամենի հեղինակը մեր հայրենակից Արմեն Ադամովն է, ով հիմնականում բնակվել է Մոսկվայում: Նրա գյուտերը դեռ պատենտավորված չեն, բայց Ադամովը այն գյուտարարներից է, ով գերադասում է գործով ցուցադրել իր գյուտերի էությունը, այլ՝ ոչ միայն գծագրերով: Նրա աշխատանքները էներգիայի, ջերմության, սառեցման եւ թափոնների վերամշակման բեկումնային-նորարարական տեխնոլոգիաներին են առնչվում ասում է «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով հատկապես երկու փորձին:
«Կարելի է կաչել «Ադամովի վառարան» եւ «Ադամովի աշտարակ»: Վառարանը դա բազմաֆունկցիոնալ ուտիլիզացիոն վառարան է, որը կարող է գեներացնել ջերմություն, էլեկտրականություն պնդ կենցաղային թափոնների վերամշակման ժամանակ եւ «Ադամովի աշտարակը» դա պինդ կենցաղային եւ օրգանական շագում ունեցող թափոնների վերամշակման փոքր գործարան է, որը կարող է փաստորեն փոխարինել պերոլիզի սովորական մեր գործարաններին, որտեղ աղբ են ուտիլիզացնում: Բայց այդ ընթացքում միաժամանակ ջերմություն տալուց բացի, աղբը ոչնչացնելուց բացի այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ նաեւ հեղուկ վառելիք՝ նավթ»:
Ինքը՝ Ադամովը, իր գյուտի մասին ասում է այսպես. «Ստեղծված է ամենապարզ մինի-գործարան՝ աղբի վերամշակման համար, բայց զուգահեռ այդ ամենով կարելի է նաեւ գումար աշխատել»:
Այս դեպքում խոսքը աղբի վերամշակման համար գանձվող վճարների մասին չէ: Խնդիրն այն է, որ Ադամովի սարքավորումն աշխատում է այլ սկզբունքով, ինչը թույլ կտա վաճառել նաեւ աշխատանքի ընթացքում արտադրված էներգիան:
«Այս համեստ սարքավորումը ընդհանուր առմամբ տալիս է հազար կիլովատի տաքություն: 500-600 կիլովատը արտահայտվում է ջերմությամբ եւ մոտավորապես 20 լիտր ժամում պետք է նավթ արտադրի»,- ասում է գյուտարարը:
Այս ամենը գյուտարարը գործով է ապացուցում՝ թե աշտարակը, թե վառարանը իրականում ստեղծել է եւ գործածել: Ընդ որում պակաս կարեւոր չէ համարում այն, որ վառարանում աղբը վերամշակելու ընացքում չի աղտոտվում օդը: Համենայնդեպս փորձարկման ժամանակ արված նկարահանումը փաստում է՝ նույնիսկ անվադողերի այրման ընթացքում վառարանից դուրս եկող բոցը նման է սովորական այրվող երիկնագույն կրակի՝ առանց որեւէ ծխի, նստվածքների եւ ավելորդ արտանետումների:
Գյուտարարի ներկայացմամբ՝ նման սարքավորումներ սարքելն ու տեղադրելն ավելի էժան է, քան՝ վերամշակման գործարաններ ստեղծելը: Արմեն Ադամովի մյուս գյուտերը նույնպես այս պահին առաջին հայացքից նման են ֆանտաստիկ պատմությունների, բայց ասում է՝ պետք է հավատալ եւ փորձել, քանի որ իր առաջարկները ամբողջովին նոր էներգետիկայի եւ ամբողջովին նոր սառեցնող սարքերի կարող է բերել: Ընդ որում այս ամենը գյուտարարը կոչում է նոր՝«հայկական էներգետիկա»:




