ԿարևորՔաղաքական

Բորդյուժա. ՀԱՊԿ մեխանիզմները կարող են գործարկվել միայն, երբ պետությունն ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունը

lianaeghiazaryan

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երևանի ու Աստանայի հետ տեսակապ հաստատելու միջոցով ամփոփել է ՀԱՊԿ` 2015 թվականի գործունեության արդյունքները, նաև խոսել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում հիմնական խնդիրների մասին: Բորդյուժան շեշտել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների ընդհանուր մասնակցության հարցը ու հատուկ անդրադարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից եկող սպառնալիքներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձել է ԼՂ խնդրին, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերազինման ծրագրերին ու Սիրիայում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ցամաքային գործողության հնարավորությանը:

 

«Անթույլատրելի է լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում»,-   այսօր Երևան- Աստանա տեսակապի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Արդյո՞ք ուշացած չեն այդ արձագանքները այն դեպքում, երբ Ադրբեջանը ծանր տեխնիկա, ընդհուպ՝ տանկեր է կիրառում, իսկ ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի դիրքորոշումը բավարար չի համարում:

«Չեմ տեսնում անհրաժեշտություն փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այս զգայուն հացի շուրջ: Մեր կազմակերպությունը ներգրավված չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Մենք դիտարկում ենք վիճակը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում է այլ կազմակերպություն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ուստի, փոխել մեր դիրքորոշումը, չեմ կարծում, թե իմաստ ունի»,- նշեց Բորդյուժան:

Ավելի վաղ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևան այցի ընթացքում հերթական անգամ հիշեցրել էր, որ միջամտության մեխանիզմները կարող են գործարկվել միայն այն դեպքում, երբ պետությունն ի վիճակի չէ ապահովել սեփական կայունությունն ու անվտանգությունը։ Նման դեպքում այդ պետությունը պաշտոնապես դիմում է դաշնակիցներին օգնության համար, և նրանք որոշում են ընդունում անհրաժեշտ ռազմական կամ քաղաքական աջակցության մասին:

«Անթույլատրելի է լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում :Կարծում եմ` այս առումով այս տարիներին արված հայտարարությունները բավարար են: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- ասաց Բորդյուժան։

Անցյալ տարվա ընթացքում ձեւավորվել է հակաահաբեկչական պայքարի օրենսդրական բազան: ՀԱՊԿ զինված ուժերի կողմից Սիրիայում ցամաքային որեւէ գործողության իրականացումը բացառված է, շեշտում է Բորդյուժան: «Ասել, որ մեր երկրների ղեկավարները որեւէ որոշում կընդունեն ցամաքային գործողության մասին, անլուրջ կլինի: ՀԱՊԿ ռազմական ներուժը կարող է կիրառվել միայն կազմակերպության մասնակից երկրների տարածքում` այդ երկրների ղեկավարների որոշմամբ»,-մանրամասնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2015-ի հոկտեմբերին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով Սիրիայում ռուսական օդուժի կիրառումից օրեր անց, Բորդյուժան ասել էր, որ ՀԱՊԿ այլ երկրների այդ գործընթացում ներքաշելու կարիք առայժմ չկա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազային` շեշտելով, որ այն ընդգրկված է ամենաժամանակակից զինատեսակներով վերազինման ծրագրում: Արդյո՞ք սա կապված է ռուս-թուրքական լարվածության հետ, որքանո՞վ է հնարավոր պատերազմի սկսվելը այդ լարվածության համատեքստում: Ի պատասխան այս հարցի` Բորդյուժան հարկ չհամարեց քննարկել զարգացումների հնարավոր սցենարները, բայց միաժամանակ շեշտեց. «Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան ինչ-որ արտակարգ ծրագրով է մեծացնում իր ռազմական ներուժը: Ինձ նման բան, ամեն դեպքում, հայտնի չէ: Խոսքը պլանային աշխատանքի մասին է։ Իսկ 102-րդ ռազմաբազայի ներուժը բավարար է՝ լուծելու այն խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր առաջ: Այս բազան ոչ թե դիմակայման համար է, այլ` տարածաշրջանում կայունության ապահովման: Եթե այն գործի դրվի, ապա, բնականաբար, գործի է դրվելու այլ գործողությունների համակարգում, որոնք կկիրառվեն պետությունների ղեկավարների կողմից: Մենք այսօր այնտեղ ինչ-որ ուժերի ընդլայնման անհրաժեշտություն չենք տեսնում»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ի դեպ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր պաշտոնը կլքի 2017 թվականին։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2003-ից։ Նրան կփոխարինի կազմակերպության այլ անդամ պետության ներկայացուցիչ։ Այսօր այս մասին հայտնեց անձամբ Բորդյուժան` մանրամասնելով` «հենց դա նկատի ունեի, երբ ասում էի, որ 2017 թվականից կսկսվի ՀԱՊԿ-ի բարձրագույն պաշտոնյաների ռոտացիան»։

Կարդացեք նաև

Back to top button