
2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությանն է այսօր անդրադարձել Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ընթացող դատավարությանն անդրադառնալով՝ իրավապաշտպանը կարծիք է հայտնել, թե դատավարության ընթացքը նպաստավոր չէ այն առումով, որ կկարողանա՞նք արդյունքում ստանալ այնպիսի հիմնական հարցերի պատասխաններ, ինչպիսին է, օրինակ, թե ի՞նչ դրդապատճառով է կատարվել նման ծանր ոճրագործություն եւ ինչո՞ւ:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կասկածներն ավելի են խորանում օրինակ այն պատճառով, որ գործով մի շարք կարեւոր վկաներ, որոնք ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են, զորացրվել են ու հիմա հարց է ծագում, թե ինչպե՞ս է ապահովվելու այդ վկաների մասնակցությունը դատավարությանը:
Արթուր Սաքունցը նաեւ տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ ազգային անվտանգության սպառնալիքի գործոն պարունակող այս գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ավելի փոքր է, քան կառավարության որեւէ անդամի փոփոխության: Սա ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում, դժգոհել է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունց. Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար




