

Ի՞նչ է խոստանում Եվրախորհրդարանի բնաձեւը, որով «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային սպանությունները անվանվում են ցեղասպանություն: Ի՞նչ հույսեր են Հայաստանի եզդիները կապում այդ բանաձեւի հետ, եւ Եվրախորհրդարանի բանաձեւը անվտանգության ի՞նչ միջոցառումներ է ենթադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Եզդիների ազգային կոմիտի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն այսօր շեշտել է` իրենք հավատում են թեկուզ ուշացած, բայց առաջին անգամ նման ազդակով ներկայացվող բանաձեւին:
Եվրախորհրդարանը փետրվարի 4-ին միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացվող քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարբերաբար իրականացված զանգվածային սպանությունները` անվանելով դրանք ցեղասպանություն:
Եվրախորհրդարանի բանաձևի 10-րդ կետը «կոչ է անում Եվրոպական միությանը ստեղծել հավատի և կրոնի ազատության հարցերով մշտական հատուկ ներկայացուցչի պաշտոն», որը կօգնի Եվրոպական միությանն առավել արդյունավետ պայքարել աշխարհում կրոնական հիմքով բռնությունների աճի դեմ: Բանաձևը մշակվել է` թիրախավորելով Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին:
Հայաստանի եզդիներն այս բանաձեւի հետ լուրջ հույսեր են կապում: «Ինչո՞ւ ենք հավատում այս փաստաթղթին: Որովհետեւ առաջին անգամ հղում է կատարվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն իր անդամ երկրների զորքերի միջոցով կարող է անվտանգություն ապահովել: Քանի որ այս փոքրամասնություններին հնարավոր է պահել միայն իրենց կոմպակտ բնակության վայրերում, սա կտա նրանց էթնոսը պահպանելու հնարավորություն, անվտանգության գոտիների ստեղծում»,- ասում է Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։
Մի քանի տարվա ընթացքում քրիստոնյաների թիվը Սիրիայում նվազել է` 1.25 միլիոնից հասնելով 500 հազարի, իսկ Իրաքում` 1.4 միլիոնից 275 հազարի: Սաշիկ Սուլթանյանը շեշտում է, որ այդ բանաձեւի ենթադրած միջոցառումների միջոցով միայն ֆիզիկական գոյության պահպանումն անգամ մեծ ձեռքբերում կլինի, մինչեւ Սիրիայի կոնֆլիկտը վերջնական լուծում ստանա:
Սուլթանյանը գտնում է, որ սա միայն ուժային լուծում փնտրող հարց է, քանի որ իսլամիստների հետ բանակցել հնարավոր չէ: Բանակցությունները ենթադրում են նաեւ փոխզիջումներ, որոնք կարող են սպառնալ տվյալ ժողովուրդների բնակտարածքների զիջումներ ու ենթադրել նոր զոհեր, իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար մարդկանց առուվաճառքը, սպանդը սովորական բան է, գումարի հարց ընդամենը, շեշտում է:
«Իսլամական պետության» ձեռքին գտնվող շուրջ 6000 կանանց վիճակը շատ ծանր է: Նրանցից մի քանի տասնյակին հաջողվել է փախչել: Բայց կոնկրետ գործողություններ այս պահին չկան: Հուսանք, որ այս բանաձեւի ընդունումից հետո, երբ Հաագայի դատարանը քրեականացնի այս ցեղասպանությունը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին արված կոչը պատասխան կստանա, ՄԱԿ-ի ԱԽ զորքերի միջոցով հնարավոր կլինի անվտանգություն ապահովել»,- կարծում է Սաշիկ Սուլթանյանը։
Եվրախորհրդարանի բանաձեւը փոքր-ինչ ուշացած է, նկատում է Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ, հետագա քննարկումներից հետո որոշումներ կայացնի ու թղթերը Հաագայի դատարան ուղարկի` քրեականացնելու ցեղասպանությունը, նորից ժամանակ է ձգվելու: Բայց սա առաջին դեպքն է, երբ Եվրոպական համայնքը նման որոշման է գնում, նկատում է Սաշիկ Սուլթանյանն ու նկատում` եզդիական համայնքում հավատում են հետագա գործողությունների արդյունավետությանը: «2014-ից այս ցեղասպանությունը կատարվում է: Քանի որ սա մեր ունեցած միակ ճանապարհն է` հասնելու տվյալ փոքրամասնությունների պաշտպանությանը, մենք մեր հույսը կապում ենք այդ բանաձեւի հետ, քանի որ այլ ելք չունենք»,- նկատում է Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահը։




