

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ամփոփել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները: Ներկայացնելով դրանք՝ ԿԳ նախարարը նշել է, որ նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման նպատակն է նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցների վարկանիշավորումը իրականացվել է՝ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության (պետական և ոչ պետական), աշխարհագրական դիրքի կամ տեղակայման (քաղաքային և գյուղական), կրթական ծրագրերի աստիճանի (տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան), սովորողների թվի (մեծ, միջին և փոքր): Պետական տարրական եւ ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվել՝ դրանց սակավաթվության պատճառով:
Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված այն կարևորագույն գործիքներից է, որը ինչպես նախարարությանը, այնպես էլ հասարակությանը և մանկավարժներին օգնում է բացահայտել այս կամ այն դպրոցի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը: Ներկայացնելով հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյուքները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենց նպատակը չեմպիոններին հայտնաբերելը չէ:
Նախարարը գոհունակությամբ նկատեց, որ բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում իրենց տեղն են գտել մարզային դպրոցները: Քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցների ցանկում առաջին եռյակում են ընդգրվել Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Գյումրու Բայրոնի անվան համար 20 և Երևանի Միսաք Մանուշյանի անվան համար 48 դպրոցները:
Քաղաքային մեծ եւ միջին միջնակարգ դպրոցների եռյակում Գորիսի Բակունցի անվան 1, Վանաձորի Խլղաթյանի անվան 18, Մարալիկի 1 դպրոցներն են: Ոչ պետական դպրոցների առաջին եռյակում են Քվանտ վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը , Վաղարշապատի Էռներկյանի անվան միջնակարգ դպրոցը:
Վարկանիշավորման համակարգի 2015 թ. ամբողջական արդյունքները ներկայացված են http://schoolrate.armedu.am ինտերնետային կայքում: Վարկանիշավորումն իրականացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:




