

Հայաստանում այսօր խիստ կոռումպացված է արդարադատության, մասնավորապես, դատական համակարգը, այսօր հայտարարել է Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա` դատական օրենսգրքի վերջին լրացումով Հայաստանում ներդրվել է հաշտարարի ինստիտուտը` թեթեւացնելու դատական համակարգի աշխատանքը: Բաց այս ինստիտուտն այդպես էլ չի գործում:
Դատական դեպարտամենտից վերջին 6 ամսվա ընթացքում ոչ մի դատական գործ չի ուղարկվել հաշտարարների միություն: Այնինչ արդարադատության կողմից արտոնագրված 54 հաշտարար ունենք այսօր: Նրանց ծառայություններից օգտվելը քաղաքացուն պետք է թույլ տա դատական քաշքշուկների մեջ չընկնել, ավելի արագ ստանալ խնդրի պատասխանը՝ ամիսների ու տարիների փոխարեն` առավելագույնը 6 ամսում: Բացի այդ՝ հաշտարարի ծառայություններից օգտվելը շատ ավելի մատչելի է, առաջին 4 ժամվա խորհրդատվությունը՝ անվճար, որի ընթացքում հաշտարարը կարող է 2 կողմի մասնակցությամբ, միջնորդի դեր ստանձնելով, փորձել կողմերին բերել համաձայնության ու համաձայնության պայմանագրի կնքման:
Ամարյանն ահազանգել է նաեւ` այսօր Հայաստանում շուրջ 400 անձ կա, որոնք որեւէ քաղաքացիություն չունեն: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելով` նրանք ստացել են ռուսականը, բայց ՌԴ-ն էլ առանց նրանց մասնակցության դատական նիստեր է անցկացրել ու զրկել քաղաքացիությունից` նրանց թողնելով «օդից կախված»: «Այս մարդկանց հարցով ոչ ոք չի զաբղվում», -ասել է Ամարյանն ու նաեւ շեշտել` դատավորների կողմից հաճախ են խախտվում քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:




