Հասարակություն

Դասերի հետաձգումը կարեւոր էր

sonahakobyan
Փետրվարի մեկից մեկնարկած դասերը աստիճանաբար հունի մեջ կընկնեն, իսկ բաց թողնված դասաժամերը կլրացվեն գարնանային արձակուրդների և լրացուցիչ ժամերի շնորհիվ:  Անդրադառնալով դպրոցներում առաջին օրվա հաճախումներին՝ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ  20-30 տոկոսով բացակայություններ են եղել, ինչը բնական է: Մի քանի օր ուսուցիչները բացակա չեն դնելու:  Դասերը հետաձգելու մասին որոշումը շատ ճիշտ է համարել  նաև ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Հակառակ դեպքում կունենայինք դասեր՝ առանց մասնակիցների: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նման իրավիճակներում առաջարկել է ներդնել հեռավար դասավանդման մեխանիզմը, առավել ևս երբ համապատասխան օրենքն արդեն 15 տարի է ներդրվել է, բայց չի գործում:

 

Առողջապահության նախարարության միջնորդությամբ և Հանրապետության վարչապետի հանձնարարականով դպրոցներում 2 շաբաթ հետաձգված դասերը փետրվարի 1-ից վերսկսվեցին: Ինչպես և նախապես հայտարարվել էր, դեռ 2 օր առաջվանից կազմակերպվել էին բոլոր աշխատանքները ՝ ուսումնական հաստատություններում նորմալ ջերմաստիճան ապահովելու  նպատակով: Համապատասխան վառելիք չունենալու պատճառով միայն Արմավիրի մարզի 10 դպրոցնորում դասերը հարգելի պատճառներով կմերկնարկեն հաջորդ շաբաթվանից, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով առաջին օրվա հաճախումներին՝ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ 20-30 տոկոսով բացակայություններ են եղել, ինչը կարող է կրկնվել նաև այսօր և վաղը:

Դասերը հետաձգելու մասին որոշումը շատ ճիշտ է համարում նաև ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Հակառակ դեպքում կունենայինք դասեր՝ առանց մասնակիցների, նշեց պատգամավորը նկատելով, որ բաց թողած դասերը հնարավոր է լրացնել  ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ:

Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ նման իրավիճակներում արդյունավետ մեթոդ է նաև հեռավար առցանց դասավանդումը: Ի վերջո,  ֆեյսբուքում կան բավականին մեծ թվով ուսուցիչներ, ովքեր ակտիվ շփվում են աշակերտների հետ: Կարելի է  օգտագործել նաև այս հարթակը՝ գիտելիքները լրացնելու համար, նշեց «Դպրոց-կենտրոնների միության» նախագահը:  Ռուզաննա Մուրադյանի հետ այս առումով համամիտ է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Որպեսզի դպրոցներում երկարաձգված արձակուրդների հետեւանքները շոշափելի չլինեն, Անահիտ Բախշյանը  առաջարկում է հանրակրթական համակարգում ևս ներդնել առցանց կրթության մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են փոխարինել նաև «երեկոյան» դպրոցներին:

Եթե Անահիտ Բախշյանն առաջարկում է ներդնել առցանց կրթության մեխանիզմը, ապա հանրակրթության վարչության պետը կարծում է որ մենք դեռ պատրաստ չենք հեռավար կրթությանը անցնելուն:

Երեխան պետք է հաճախի դպրոց և շփվի համասարանցիների հետ: Ի վերջո ուսումնական հաստատությունը ոչ միայն ուսման կենտրոն է,  այլև դաստիարակման, շփման,  հանդուրժողականության և կյանքի դպրոց:

Կարդացեք նաև

Back to top button