
տեղադրվել է ժամը 13։41- ին
լրացվել է ժամը 17։01- ին

2015- ին ԱՊՊԱ համակարգով ապահովագրվել է 457 հազար 878 մեքենա: 2014- ին ապահովագրված մեքենաների թիվը եղել է 464 հազար 61։ 2015 թվականին ապահովագրական հատուցումը կազմել է 8 մլրդ 800 մլն դրամ, 2014 թվականին այս ցուցանիշը կազմել էր 9 մլրդ 700 մլն: Նախորդ տարի հատուցվել է 41 հազար 203 դիմում: Հատուցման միջին գումարը կազմել է 212 հազար 661 դրամ: Նախորդ տարի գրեթե հազար հատուցման դիմում մերժվել է: Այս թվերն այսօր ներկայացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը՝ ամփոփելով ԱՊՊԱ համակարգի գորունեության հինգ տարին։
Նա նաեւ հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է ներկայացրել։ Մինչեւ այս համակարգի ներդրումը տարեկան գրանցվում էր 2000 ճանապարհատրանսպորտային պատահար։ Համակարգի ներդրումից հետո տարեկան արձանագրվում է 40-45 հազար պատահար, ինչը նշանակում է, որ մինչ այս ստվերային պատահարներն ահռելի մեծ թիվ են կազմել։
Վահան Ավետիսյանը ներկայացրել է նաեւ առաջարկվող նորամուծությունները։ Այսպես՝ ներդրվելու է ինքնուրույն կարգավորման վնասի համակարգը, որը ենթադրում է, որ երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50 հազար դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն են լուծում առկա վեճը՝ առանց ոստիակնության և ապահովագրական ընկերության ներկայացուցչի համաձայնության։ Լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը և փոխատուցվում ապահովագրական ընկերությունից:
Իսկ ահա ԱՊՊԱ պայմանագրերը ժամանակին կնքող և ժամկետները խախտողների նկատմամբ 2016 թվականից կկիրառվի տարբերակված մոտեցում. վարչական տուգանքներից բացի կսահմանվի սակագնային տարբերություն գնի հաշվարկման հարցում, ինչպես նաև ուշացումները ազդեցություն կունենան բանկային վարկային պատմության վրա:
Պարզեցվելու է նաև սակագաների բոնուս-մալուս համակարգը: Առաջարկն արդեն արվել է ճանապարհային ոստիկանությանը։




