Հասարակություն

Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Ավանդության համաձայն, այդ օրը բոլոր քահանաների տոնն է:

qahana.am  կայքից տեղեկանում ենք, որ Ղևոնդյան քահանաները՝ Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին:

Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր է լինում հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվում են հայոց քաջարի հոգևորականները:

Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

Կարդացեք նաև

Back to top button