

Ազգային ժողովում մեկնարկել է հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը, որին մասնակցելու համար գրանցվել է 122 պատգամավոր՝ 131-ից: Նախքան ձեւավորված օրակարգին անցնելը Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մոտենալով ամբիոնին խոսել է անցած շաբաթ՝ ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտությանն առնչվող երկու բանաձեւի քննարկմանը, որն, ըստ Գալուստ Սահակյանի՝ յուրատեսակ փորձաքար դարձավ եվրոպական այդ կառույցի համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի: Այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարեւորագույն հարթակներից մեկում ձախողվեց մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: բանաձեւերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել եւս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի»:
Աշխատանքներից առաջ Աժ նախագահը պատգամավորներին նաեւ տեղեկացրել է, որ խորհրդարանը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին երկու դիմումն էլ, որոնց համաձայն նրա պաշտոնվարումը համարվել է ժամկետից շուտ դադարեցված: Կարգի համաձայն՝ օմբուդսմենի նոր ընտրությունը տեղի է ունենալու լիազորությունները դադարեցնելու հետո մեկ ամսվա ընթացքում: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 164 հարց եւ 41 միջազգային պայմանագիր:




