Քաղաքական

Արհեստական հիմքով կոալիցիայի ստեղծումը կնպաստի վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը. պատգամավոր

lenabadeyan
Հանրապետական-Դաշնակցություն հնարավոր կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում այսպիսի կոալիցիաների ձեւավորումը կարեւոր պետք է դառնա, ըստ պատգամավոր Թեւան Պողոսյանի, սակայն նա կարծում է, որ մինչ այսօր մեր ունեցած կոալիցիաները ձեւավորվել են արհեստականորեն, ինչն էլ ձեւավորում է նոր շատ վատ մշակույթ:

 

Հայաստանում ձեւավորված ցանկացած իշխող կոալիցիա հիմնված է արհեստականության  վրա, այդպիսին է նաեւ ներկա գործընթացը՝ Հանրապետական-Դաշնակցություն բանակցությունների ընթացքում, ասում է Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Դժվարանում եմ ասել ինչի համար էր կոալիցիան պետք Հանրապետական կուսակցությանը: Ոնց որ թե ունեն եւ անհրաժեշտ քվեները Աժ-ում, եւ մինչեւ հիմա միշտ ասել են, որ պատրաստ են միայնակ պատասխանատվությունը վեցնել: Երբ որ սկսում ես կիսվել այդ պատասխանատվությամբ, բայց ունես ամբողջական ռեսուրսը, ապա ես կանվանեի դա պատասխանատվության լղոզում»:

Պատգամավորը փորձում է իրադարձություններից առաջ չընկնել, պարզապես ենթադրում է, որ դաշնակցականների համար սա առիթ է նախընտրական խոստումները՝ կյանքի կոչելու  նաեւ ձեռք բերելու կառավարման փորձ: Սահմանադրական փոփոխություններից հետո նախաձեռնվող այս կոալիցիան եթե հաջովի ձեւավորել, ապա արդեն թվով չորրորդն է լինելու:

Վերջին տարիների մեր պատմությունը հուշում է՝ անկախ Հայաստանում ձեւավորված տարբեր կոալիցիաների մաս են կազմել Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը եւ Օրինաց Երկիրը: Հիշեցնենք, որ Դաշնակցությունը եղել է եւ առաջին կոալիցիայում՝ ձեւավորված Ռոբերտ Քոչարյանի օրոք, երկրորդ կոալիցիայի հետ պարզապես համագործակցության հուշագիր է կնքել, իսկ երրորդից դուրս է եկել Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» հենց մեկնարկին: Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ այսօրվա պայմաններում, արհեստական հիմքով եւ պատճառաբանություններով կոալիցիայի ստեղծելը կնպաստի շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը:

«Ի վերջո, եթե 2017-ից անցնելու ենք խորհրդարանական կառավարման մեխանիզմին, պետք է պետք է գիտակցենք, որ պառլամենտական կառավարման մեջ կոալիցիա երեւույթը պետք է լինիշատ ամուր ինստիտուտ եւ հիմնված լինի իրական պատասխանատվությունների, իրական քաշերի հիման վրա»:

Զրույցի ամբողջ ընթացքում ակնարկվող հենց պատասխանատվության առումով վերջին օրերին քննարկվում է ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակը՝ ով է մեղավոր, ով է թերացել, ինչու ստացվեց այնպես, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչ միայն պատվիրակության անդամների, այլեւ մյուս պատգմավորների ակտիվ աշխատանքի շնորհիվ հաջողվեց մեղմել եվրոպական այդ կառույցում առաջացած հակահայկական մթնոլորտը: Արդյո՞ք 15 տարին ԵԽԽՎ-ում Հայաստանի համար բավարար չէր համապատասխան հիմքեր ստեղծելու համար:

«Ընդամենը պետք է հասկանալ՝ ինչպես է կանկրետ ինչ որ մի կառույց աշխատում եւ եթե այդ կառույցում, եթե դու անդամակցում ես՝ ինչ քայլեր պետք է անես, որ ձեւավորես այն համապատասխան պոտենցիալը, որ այդ կառույցը երբեւէ քեզ չհարվածի: Այսքանը մենք ստացել ենք այն պատճառով, որովհետեւ չենք ձեւավորել համապատասխան համակարգ: Ցանկացած միջազգային կառույց աշխատում է իր կանոնակարգերով եւ իր մշակույթով: Դա ընկալելու համար մենք պետք է 2001-ից աշխատեինք: Դա մեկ օրվա ստեղծված իրավիճակ չէ եւ պետք է ասեմ, որ Ադրբեջանը մեկ օրվա մեջ չի կարողացել՝ փողով կամ այլ տարբերակներով, իր շահերը տանել առաջ»:

Թեւան Պողոսյանը հիշեցնում է, որ ունեցել ենք նմանատիպ անհաջող փորձ նաեւ ՄԱԿ-ում, երբ շատ բացասական ձեւակերպումներով փաստաթուղթ էր ընդունվել:

«Մենք պետք է սկսենք օգտագործել այն փաստաթղթերը, որտեղ Ադրբեջանին հատուկ կոչեր կան: ՄԱ-ի չորս բանաձեւում էլ բոլոր կոչերն Ադրբեջանին են ուղղված, Հայաստանն այնտեղ ընդհանրապես չի օգտագործվում, բայց փաստորեն ստացվում է այնպես, որ ադրբեջանական PR-ը եւ մամուլը փորձում է այդ բանաձեւերը մեր դեմ օգտագործել, իսկ մենք չենք օգտագործում նույն Ադրբեջանին ասելու համար: Նախահարձակ պետք է լինել բոլոր այս խնդիրներում եւ թույլ չտալ, որ դա տարածումը ստանա, երկրորդը՝ այնպիսի նոր բանաձեւեր ընդունվեն, որ այս մի բանաձեւի մասին մոռանանք»:

Կարդացեք նաև

Back to top button