

Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծվել են ժամանակավոր հենակետեր՝ ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Եթե անհրաժեշտություն լինի, շարժական հենակետերը կարող են ծավալվել մյուս մարզերում ևս: Նրանց ապահովում են նաև տաք սննդով:
Տաք թեյ, սուրճ, սնունդ, անհրաժեշտ բուժօգնություն, այս տարի ՀՀ երեք մարզերում՝ կոնկրետ ճանապարահատվածներում ձյան հետևանքով արգելափակման մեջ հայտնվելն արդեն անհանգստություն չի առաջացնի, Գեղարքունիքի մարզի Մարտունի Նորադուզ հատվածի 3-րդ կմ-ում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում և Սյունիիքում՝ Սիսիան Գորիս հատվածում երկու շաբաթից ավելի է, ինչ հայ փրկարարները առաջին անգամ հենակետային վրաններ են տեղադրել:
ՏԿ և ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյան. «Տվյալ տարածքներում դուրս է բերվել 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ: Վրանային հենակետերն այնքան են գործելու, մինչև եղանակային պայմանները բարելավվեն: Տրանսպորտային միջոցների արգելափակման վտանգը վերանա»:
Բոլոր վրանները ջեռուցվող են և ջրակայուն, հագեցած են տուժածներին, մասնավորապես, ցրտահարության ախտանիշով հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Եթե դրսում ջերմաստիճանը զրոյական է, ապա վրանի ներսում՝ մինչև 50 °C: Տասը րոպեում տեղադրվող վրանները կարող են նաև օգտագործվել որպես արագ արձագանքներ շտաբներ: ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյան. «Ութ մարզերում մենք խնդիրներ ունեցանք, այնպես չէ, որ ձմեռն ավարտվել է, կարծում եմ, որ մենք դեռ անելիք ունենք»:
Վրանային հենակետերի տարածքները պատահաբար չեն ընտրվել, սրանք այն հատվածներն են, որտեղ տարեսկզբից ավելի հաճախ էին քաղաքցիներն ու մեքենաները հայտնվում ձնաբքի մեջ: Ի դեպ, աջակցություն է ցուցաբերվում միանգամից 4 տուժածի: Կառավարությունն իր վերջին նիստում հաստատեց Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը՝ 2500 փրկարար ծառայողների, 25000 մարդու 10 օր ապահովելու համար: Ցանկում ներառված են առաջին անհրաժեշտության սննդամթերքը, վթարափրկարարական գույքը, Վառելիքաքսուքային նյութեր և անհրաժեշտ այլ ապրանքներ: ՏԿ և ԱԻ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ, հայ-ճապոնական, հայ-ռուսական համագործակցությունների շրջանակներում նախատեսում են ձևավորել պահուստային ֆոնդը, որը անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման համար կօգտագործեն:
«Հատուկ ուղորդված ֆինանսական ներդրում չի ակնկալվում, ներդրումային դաշտը կա, որ կարողանանք խնդիրը լուծել»,- վստահեցնում է նախարարի տեղակալը:
Իսկ ես հիշեցնեմ, որ առաջիկա օրերին՝ մինչև փետրվարի մեկը ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է 8-10 աստիճանով: Տեղումներ, առայժմ, չեն կանխատեսվում:




