

Վաղաժամ ծննդաբերության և հղիության կրելախախտի ցուցանիշները մեր երկրում նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարի հանձնարարականով կազմակերպվել է «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողով, որին մասնակցել է նաև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վիկտոր Ռադզինսկին, ով եկել է հայաստանյան մասնագետներին փոխանցելու վերոնշյալ խնդիրների կանխարգելման ժամանակակից մեթոդները:
Վերջին տարիներին մեր երկրում, ըստ ոլորտի պատասխանատուների, նվազել են մայրական ու նորածնային մահացությունների և անպտղության ցուցանիշները: Սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք ուսումնասիրությունների կարիք ունեն: Հղիության կրելախախտ, վաղաժամ ծննդաբերություն: Այս խնդիրներով կանայք, ըստ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի, մեր երկրում մեծ թիվ են կազմում: Վաղաժամ ծննդաբերությունների թիվը տարեկան հասնում է 11 տոկոսի: Իսկ այս պարագայում նաև առաջանում են նորածնի խնամքի հետ կապված խնդիրներ:
«Ինչքան նվազեն վաղաժամ ծննդաբերության կամ կրելախախտի դեպքերը, այդքան կունենանք առողջ նորածիններ»:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցն էլ նշեց, որ մեզ մոտ վերջին տարիներին շատ են ախտորոշվում ինքնաբերաբար վիժումները՝ տարեկան հասնելով 3.5 հազարի և սա դեռ ամբողջական թիվը չէ: Կան նաև չգրանցված վիժման դեպքեր, ասում է մասնագետը:
«Սա էլ կապված է շատ ու տարբեր գործոնների հետ; Իսկ մեծապես կապված է ախտորոշման և լաբորատոր մասնագետների պատասխաններից»:
Խնդիրներ կան նաև հղիության կրելախախտի ախտորոշման հետ կապված և ըստ, ուլտրաձայնային հետռազոտության մասնագետի, փորձում են համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին: Մասնագետները, սակայն, ներկայացրին նաև թոթափող թվեր: Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի տվյալներով՝ նվազել են հղիության արհեստական ընդհատումները: Եթե մի քանի տարի առաջ տարեկան դրանց թիվը հասնում էր մինչև 30 հազարի, ապա նախորդ տարի այն կազմել է 7000: Իսկ հիվանդանոցային պայմաններում կատարած արհեստական վիժումներն էլ նվազեցրել են անպտղության ցուցանիշները:
«Առաջ եթե թաքցվում էր, վիժումները կատարվում էր ոչ հիվանդանոցային պայմաններում, դա էլ նպաստում էր չբերությանը, մեկը մյուսի հետ կապված է»:
2000 թվականին անպտղության ցուցանիշը կազմել է մոտ 30 տոկոս, որից 4-ը առաջնային, իսկ 24-ը՝ երկրորդային, ապա 2014 թվականին այն նվազել է՝ հասնելով 14.6-ի , իսկ անպտղությունն էլ հինականում նկատվում է կանանց մոտ, նշեց մասնագետը: Աշխարհում այժմ քաղաքակրթության կարևոր ձեռքբերումը համարվում է մայրական մահացության նվազումը. մինչև այսօր արձանագրված հղիության, ծննդաբերության և հետծննդյան մահացության տարեկան 600 հազար դեպքերը կրճատվել են ուղիղ կեսով: Այս տվյալներն էլ լրագրողներին փոխանցեց Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վիկտոր Ռադզինսկին:
«Անցյալ դարի 70-ական թվականներից այս ահաբեկող ցուցանիշը աշխարհի բոլոր հումանիտար կազմակերպությունների կողմից վերջին 10 տարիների ընթացքում վերջապես հնարավոր եղավ կրճատել: Մենք այժմ ձեզ հետ ապրում ենք համաշխարհային քաղաքակրթության մեկ այլ բարձրաստիճան հորիզոնում»:




