ԿարևորՀասարակություն

Ըստ ԹԻ- ի՝ Հայաստանում կոռուպցիան «կայուն» դիրքերում է

lusinevasilyan

Կոռուպցիայի ընկալման հայաստանյան  համաթիվը վերջին տարիներին  առանձնապես չի փոփվում,  ինչը նշանակում է, որ ընկալման առումով կոռուպցիան Հայաստանում ոչ նվազում և  ոչ էլ ավելանում է։ Սա լճացման իրավիճակ է, այսօր  ասել է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նա ներկայացրել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2015թ. արդյունքները:

 

Ամեն տարի՝ սկսած 2003-ից,  «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը ներկայացնում է իր հետազոտական  հիմնական արդյունքը ՝ Կոռւպցիայի ընկալման համաթիվը:  Խոսքը ոչ թե կոռուպցիայի ծավալների, այլ դրանց ընկալումների մասին է, իսկ ընկալողները ոչ թե շարքային քաղաքացիներն են, այլ՝ փորձագետներն ու գործարարները:

Հենց նրանց պատասխանների հիման վրա էլ կազմվում է աշխարհի պետությունների սանդղակն՝ ըստ Կոռուպցիայի ընկալման համաթվի: «Ընդհանուր իրավիճակն աշխարհում առանձնապես չի փոխվել. պետությունների 2/3-ում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ հիմնախնդիր: Դա նշանակում է, որ ԿԸՀ համաթիվը 50-ից ներքև է»:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից 100 սանդղակում է, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես ընդհանրապես չկոռումպացված: Այսինքն՝ որքան ցածր է համաթիվը, այնքան  վատ է կոռուպցիոն իրավիճակը:  «Հուսադրող փաստն այն է, որ այս տարի ավելի շատ երկրներ առաջադիմել են, քան՝ նահանջել»:

Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի 2015թ. արդյունքների՝ Հայաստանի ցուցանիշը  35- է, նախորդ  տարվա 37-ի փոխարեն: Այս համաթվով՝ մեր երկիրը  աշխարհի 168 պետությունների  շարքում 95-ից 98-րդ հորիզոնականներում է: Հայաստանն այս դիրքերում է արդեն մի քանի տարի, ինչը նշանակում է, որ ընկալումների մակարդակում կոռուպցիան Հայաստանում  ոչ ավելանում, ոչ էլ նվազում է:

Վարուժան Հոկտանյանը սա լճացում է որակում: «Հայաստանի ցուցանիշը վերջին 7 տարիների ընթացքում ըստ էության չի փոխվում, ինչը նշանակում է, որ կոռուպցիան ընկալման առումով Հյաստանում ոչ նվազում է, ոչ էլ ավելանում»:

Հայաստանի  արդյունքն ավելի ցածր է, քան Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրներինը, բայց ավելի բարձր՝ քան Եվրասիական միության անդամ պետություններինը: Բելառուսը դասակարգման աղյուսակում կիսում է 107-111-րդ տեղերը, Ռուսաստանը ավելի ցածր դիրքերում է՝  119-122,   Ղազախստանն ու Ղրղզստանը 123-129-րդ հորզոնականներում են:

Հետխորհդային երկներից Հայաստանից ավելի լավ ցուցանիշ ունեն միայն Բալթյան հանրապետություններն ու Վրաստանը: Իսկ հարևանների մասով իրավիճակն այսպիսին է. Հայաստանը շարունակում է զիջել նաև Թուրքիային (42), որը 2015թ. գրանցել է էական նահանջ՝ 2014թ. համեմատ (45 միավոր): Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2015թ. ԿԸՀ համաթվերը 2014թ. համեմատ մնացել են անփոփոխ (համապատասխանաբար՝ 29 և 27 միավոր)՝ նախորդ տարիների նման զիջելով Հայաստանին:

Այդուհանդերձ, ըստ ԹԻ մեթդաբանության, եթե համաթիվը 50-ից ցածր է, ապա խոսքն արդեն համակարգային խնդրի  մասին է  կամ իրավիճակի, երբ կոռուպցիան որակապես ազդում է տնտեսական ու քաղաքական համակարգերի բնականոն գործունեության վրա:

Վերադառնալով աշխարհի կոռուպցիոն սանդղակին՝ նշենք, որ  լավագույնը սկանդինավյան երկրներն են՝ Դանիա, Նորվեգիա, Նոր Զելանդիա , վատագույն եռյակում Սոմալին, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը: Ամենամեծ առաջընթացը գրանցել է Շրի Լանկան ու Գվատեմալան, ամենամեծ հետընթացը 2015-ին Բրազիլիաինն է:

Կարդացեք նաև

Back to top button