Հասարակություն

Բժշկուհու ձերբակալությունն ապօրինի է, ասում է փաստաբանը

lusinevasilyan

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը  պնդում է, որ իր պաշտպանյալին հունվարի 22-ին ձերբակալելու որոշումը եղել է ապօրինի: Պաշտպանի բողոքը հիմք ընդունելով՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք,  ձերբակալության հաջորդ օրը  ոչ իրավաչափ համարեց    բժշկուհու ձերբակալությունը  ու ազատ արձակեց նրան։  Շուշանիկ Բախշյանը, սակայն, դատարանի դահլիճից  «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեց հիվանդանոց։

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս  մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակված Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում է՝ իր պաշտպանյալին հունվարի 22-ին ձերբակալելու որոշումը եղել է ապօրինի:

Չնայած այս պնդմանը՝  պաշտպանական կողմը դեմ չէ քննչական գործողությունների անցկացմանը:  Այս գործը պետք է օբյեկտիվ քննվի, ասում է Ալեքսանդր Սիրունյանը, «որովհետև ի սկզբանե մեղավոր ենք գտել, նշանակել ու դատապարտում ենք: Եթե ֆեյսբուքով պետք է մեղավորներ գտնենք,  դատարանն ինչի՞ համար է»:

Քննությունը պետք է գտնի իրական մեղավորներին ու պատժի, ասում է բժշկուհու փաստաբանը և հռետորական հարց բարձրացնում՝ մեղավորնե՞ր ենք փնտրում, թե՞ զոհեր: Զոհի կարգավիճակում նրա գնահատմամբ հայտնվել է բժշկուհին:

Ըստ պաշտանի՝ Շուշանիկ Բախշյանի ինքնազգացողությունն առայժմ լավ չէ, նա շարունակում է ջերմել և բուժում ստանալ հիվանդանոցում: Տուժող կողմը, սակայն,  չի հավատում, որ Շուշանիկ Բախշյանն  առողջական այնպիսի վիճակում  է, որը թույլ չի տալիս  քննչական գործողություններ իրականացնել։

Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զարգացումները բեմականացում էր որակել ու նշել, որ նպատակը քննության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն է:  Ամնաշահագրգիռը, որ արդար քննություն անցկացվի, հենց Շուշանիկ Բախշյանն է, ասում է նրա փաստաբանը:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: 26-ամյա Մերի Մարգարյանի հարազատները բժշկուհուն են մեղադրում կնոջ և նրա նորածին երեխայի մահվան մեջ՝ պնդելով, թե Բախշյանը հրաժարվել էր հոսպիտալացնել չորս օր ջերմող հղիին, ով հուլիսի 29-ին՝ կեսարյան հատումից հետո, մահացել երկկողմանի թոքաբորբի հետևանքով։

Մերի Մարգարյանի  ընտանիքի փաստաբանը  համոզված է մեկ  բանում՝ պատշաճ բժշկական օգնության դեպքում կարելի էր փրկել մոր և երեխայի կյանքը։ Սրա մասին են վկայում նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ըստ եզրակացություններից մեկի՝ Մերի Մարգարյանին ջերմության առկայության պայմաններում չհոսպիտալացնելը հիմնավորված չի եղել:

«Եթե 35 շաբաթական հղի կնոջ կեսարյան հատումը ավելի շուտ կատարվեր, նրա և նորածնի փրկվելու հավանականությունը ավելի մեծ կլիներ»,- նշված  է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ՝ կոմիտեն հայտնել  էր, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։

Նույն փորձագիտական եզրակացություններին հղում անելով՝ բժշկուհու պաշտպաններն ասում են, որ դրանցում կոնկրետ որևէ անձի մասին չի նշվում: «Այդ եզրակացությունների մեջ առհասարակ որևէ անձի մասին նշում չկա: Ես որպես փաստաբան ավելի բանական կհամարեի եթե ձերբակալվեին այդ գործին առնչված բոլոր մարդիկ, այդ թվում Շուշանիկ Բախշյանը: Ամբողջ շղթայի վերջին օղակում գտնվողին եք ձերբակալում»:

Ի դեպ, փաստաբանները գործի հետ կապված զարգացումներում ուղղորդումներ են տեսնում, ակնարկում են  այս կամ այն կառույցից եկած  սլաքների մասին: Առանց հստակեցնելու , թե ում հետ են կապում այդ ուղղորդումնրը կամ որտեղից են տեսնում սլաքները, փաստաբանը ասուլիսի վերջում մի դիտարկում արեց, որն իր իսկ խոսքով, հակասում է փաստաբանական կանոններին, դուր չի գալու նաև տուժող ընտանքին:  «Եթե այս գործով մարդ դատվեց, դա հաստատ Շուշանիկը չի լինելու: Խախտում եմ օրենքը, բայց ասում եմ»:

Կարդացեք նաև

Back to top button