Հասարակություն

Ամփոփվել են ֆինանսական հաշտարարի գրասենյակի 7-ամյա գործունեության արդյունքները

lusinevasilyan
Նախորդ 7 տարիների ընթացքում ֆինանսական հաշտարարի գրասենյակը այս կամ այն կառույցի  դեմ ուղղված ավելի քան 11 հազար բողոք է ստացել: Դրանք հիմնականում ուղղվել են ապահովագրական ընկերությունների, բանկերի ու վարկային կազմակերպությունների դեմ: Բողոքներից  քննության է  ընդունվել է մոտ կեսը, հօգուտ հաճախորդների  ելքով գործերն, ըստ գրասնեյակի տվյալների, կազմել են  քննված գործերի մոտ 71 %-ը: Պահանջների քննության ընթացքում հատուցված գումարը գերազանցում է 800 մլն դրամի սահմանագիծը: Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը Հայաստանում գործում է ուղիղ  յոթ տարի: Կառույցի ներկայացուցիչներն այսօր ամփոփել են 2015-ի,  նաև յոթամյա գործունեության արդյունքները:

 

Ֆինանսական այն կառույցների եռյակը, որոնց դեմ բողոքներն ամենաշատն են ու ամենից հաճախ հանդիպողը, տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Առաջին տեղում ապահովագրական ընկերություններն են, երկրորոդում՝ բանկերը, երրորդում՝ վարկային կազմակերպությունները: 2015-ին, սակայն, ապահովագրական ընկերությունների դեմ ստացված բողոքները, կազմել են ընդհանուրի  համարյա 80 տոկոսը.  3263 բողոքից  քննության է ընդունվել 1448-ը, դրանցից 1100-ը  վերաբերել է ապահովագրական ընկերություններին:  Արդյոք սա նշանակում է, որ ֆինանսական կառույցներից ամենախնդրահարույցը հենց ապահովագրական ընկերությունների աշխատանքն է: Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը նման  միանշանակ գնահատկաններին կողմնակից չէ:

«ԱՊՊԱ-ի ներդրման պահից սկսած մեր վիճակագրությունը սկսեց աճել: Այսինքն, նման մեծ տարբերությունը պայմանավորված է հենց ԱՊՊԱ-յով: Բայց պետք չէ վիճակագրությունը ուղիղ կապել այս կամ այն կառույցի վատ աշխատանքի հետ, որովհետև բողոքները կարող են աճել օրինակ նոր պրոդուկտի կամ նոր ծառայության ներդրման արդյունքում»:

2009-ից ստեղծված և արդեն 7 տարի գործող կառույցը, հիշեցնենք,  կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը:

Բանկի, ապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության հետ խնդիր ունեցող քաղաքացիներին գրասենյակը խորհրդատվություն է տրամադրում, օգնում է բողոք-պահանջը կազելու և քննելու հարցում: 2015-ին, օրինակ, ֆինասական հաշտարարի գրասենյակը քննության է ընդունել 1448 պահանջ: Դա 13.5 %-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Դրական ելքով գործերի մոտ 60% -ը լուծվել է ֆինանսական կազմկերպության հետ հաշտության գալու միջոցով:  Հատուցվել է ավելի քան 176 մլն  դրամ:

Ապահովագրական ընկերությունների հետ վեճերի հիմնական թեման քանհամաձայնությունն է վնասի չափերի վերաբերյալ, այսինքն քաղաքացին համաձայն չէ ապահովագրական ընկերության գնահատականի հետ և հաշտարարի օգնությամբ փորձում է վերանայել այն: Բանկերի հետ վեճերն առավելապես վերաբերում են վարկերի տոկոսների հաշվարկին, գրավի իրացման ընթացակարգերին ու դասակարգմանը: Քիչ չեն նաև անհամաձայնություններն ու դժգոհությունները քարտային զեղծարարությունների, բանկային փոխանցումների, նաև բանկային հաշիվների  սպասարկման հարցերով:

Ֆինանսական հաշտարարը խոստանում է առաջիկայում էլ օգնել ֆինանսական վեճերը լուծելիս, բայց նաև հիշեցնում է՝ առաջին պաշտպանը զգուշությունն ու զգոնությունն է: Իսկ խորհուդներն արդեն ծանոթ են՝ վարկեր վերցնելիս անպյաման կարդալ պայմանագրերն ու ծանոթանալ պայմաններին, քարտերն օգտագործելիս ակտիվացնել SMS ծառայությունը, մշատպես տեյակ լինելու համար, թե երբ և ինչ գործարքներ են կատարվում քարտից, դե իսկ ԱՊՊԱ-ի դեպքում խորհուրդն անփոփոխ է՝ պատահարից անմիջապես հետո դիմել ապահովագրական ընկերությանը , մինչև  վնասի ձևակերպումը չփորձել վերանորոգել ավտոմեքենան:

Կարդացեք նաև

Back to top button