

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր հրավիրված 7-րդ խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփել են ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարած համատեղ աշխատանքների արդյունքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ վերջին տարիների համատեղ աշխատանքի արդյունքում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը բարձրացվել է մի նոր մակարդակի: Նախազորակոչային տարիքի ռազմահայրենասիրական դաստիարակությունն իր ազդեցությունն է ունեցել բանակում մի շարք խնդիրների լուծման, այդ թվում՝ միջանձնային հարաբերություններում ի հայտ եկող խութերը վերացնելու առումով: Անելիքներ, սակայն, դեռ կան եւ պաշտպանության նախարարն ակնկալում է, որ համատեղ հետագա աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել էլ ավելիին, ինչն իր հերթին առավել կամրապնդի բանակի մարտունակությունը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզված է, որ հերթական խորհրդակցությունը քննարկումների եւ հետագա անելիքների առումով է՛լ արդյունավետ կլինի: Նման վստահության հիմք է տալիս անցած 7-ամյա համատեղ աշխատանքների արդյունքը:
«7-ամյա համատեղ աշխատանքի արդյունքը մենք այսօր տեսնում ենք ոչ միայն բանակում՝ հանցավոր երեւույթների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման ասպարեզում, այլ նաեւ՝ հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին 2 տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն»:
Երեկվա աշակերտներն այսօր համերաշխ ու փայլուն կերպով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը: Եթե չլիներ տարիների համատեղ աշխատանքը, այդ ոտնձգությունները կասեցնելու էինք անհամեմատ ծանր գնով՝ ասաց նախարարը:
Խորհրդակցության ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ ղեկավարներ զեկուցեցին անցած 2015-ին իրականացված բոլոր այն աշխատանքները, անցկացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Պաշտպանության նախարարը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումներում ներգրավվածության առումով առանցքային դերակատարում են ունեցել եւ ամենաակտիվ մասնակիցներն են դարձել հատկապես զորամասերին կցագրված բոլոր դպրոցները: Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի կազմակերպիչ Նաիրա Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակ-դպրոց կապն իրենց կրթօջախում բավականին ավանդույթներ ունի.
Կան օրինակելի դպրոցներ, սակայն, նախարարը հորդորում է ուշադրություն դարձնել բոլոր դպրոցների համաչափ զարգացմանը՝ ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման առումով: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ անցած տարի կատարված համատեղ աշխատանքն արդյունավետ է եղել՝ հատկապես բանակում արատավոր բարքերի դեմ պայքարի շրջանակներում: Բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակը բարձրացել է՝ նվազեցնելով արատավոր երեւույթներ ծնող պատճառները:
«Մենք փորձում ենք կոնկրետ պաշտպանական քաղաքականությանը վերաբերող խնդիրները ժողովրդի հետ մեկ միասնական աշխատանք դարձնել, որովհետեւ յուրաքանչյուրն իր գործը պետք է կատարի մեր երկիրը պատշաճ կերպով պաշտպանելու ուղղությամբ: Հիմքում համագործակցությունն է: Առանց համագործակցության մենք չենք կարող ունենալ հաջողություններ»:
Ճիշտ ուղորդված համատեղ ջանքերը վստահաբար տալիս են ցանկալի արդյունք, որի առհավատչյան Հայաստանի եւ Արցախի ամուր պաշտպանված սահմաններն են՝ արձանագրեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:




