

Թբիլիսիիում ապրող տարբեր ազգերի ներկայցուցիչները կունենան ընդհանուր հավաքատեղի` «բարեկամության տուն»: Գաղափարը, որ առաջ է քաշել սակրեբուլոյին կից ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքային խորհուրդը, հավանության է արժանացել քաղաքապետի կողմից: Քաղաքային խորհուրդը մշակում է նաև այլ կարևոր հարցեր` փորձում հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, հույներին, օսերին և մյուսներին առավել ակտիվորեն ինտեգրել քաղաքի կյանքին:
Թբիլիսիի սակրեբուլոյին (ավագանի) կից ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող քաղաքային խորհուրդը ընդհամենը մի քանի ամսվա պատմություն ունի, սակայն արդեն հասցրել է մի շարք խոշոր ծրագրեր իրականացնել քաղաքում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների համար: Այս խորհրդի կազմում Թբիլիսիի թվով 15 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են առաջ քաշել իրենց հուզող խնդիրները, հուսալով, որ դրանք աստիճանաբար լուծում կստանան:
Արդեն քսան տարի է, ինչ խոսվում է «ազգերի բարեկամության տուն» ստեղծելու մասին, սակայն միայն այսօր այն իրականություն է դառնում:
«Այժմ մեզ մնում է հարմար շենք գտնել. Քաղաքապատարանն արդեն իր համաձայնությունը տվել է բարեկամության տուն բացելու գաղափարին: Անվանում ենք բարեկամության տուն, որտեղ կարող են հանդիպել ու բարեկամանալ այս քաղաքում ապրող տարբեր ազգերի ներկայացուիչները»,-«Ռադիլուրին» ասել է քաղաքային խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվիլին:
Ըստ նրա, «բարեկամության տանը» կկազմակերպվեն միջոցառումներ, տարբեր լեզուներով դասընթացներ. այն կդառնա միջմշակութային երկխոսության հարթակ ու կամրապնդի Վրաստանում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև կապը:
Խորհրդի նախաձեռնությամբ անցած ամիսների ընթացքում բացվել են հուշատախտակներ ու վերանվանվել փողոցներ ազգային փոքրամասնությունների այն գործիչների անուններով, ովքեր ներդրում են ունեցել այս քաղաքում:
Այս տարի Թբիլիսիի տոնի շրջանակներում անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ հայազգի գործիչը` գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը ստացավ պատվավոր քաղաքացու կոչում: Խիդիրբեգիշվիլի խոսքով հաջորդ տարի այս հարցում ուշադրությունը կկենտրոնացնեն մեկ այլ համայնքի վրա:
Ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքային խորհրդի օրակարգում է նաև հայկական թատրոնի վերանորգման հարցը.
«Այս հարցը Մշակույթի նախարարության ուշադրության ներքո է: Սակայն, քանի որ մեր խորհրդում նույնպես բուռն քննարկումներ եղան այդ մասին, մենք նույնպես որոշեցինք ներգրավվել: Թատրոնի վերանորոգման համար կառավարության կողմից գումարն արդեն հատկացված է, սակայն թատրոնի շրջակայքի ու արտաքին տեսքի վերանորգման հարցը քաղաքապետն է խոստացել լուծել»:




