
Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի շարք գյուղեր, որոնց թվում է հայաբնակ Ղնեմիեն, որի բնակչությունն ահաբեկչական խմբավորումների ներխուժումից հետո՝ 4 տարի առաջ, հեռացել էր գյուղից։ Այդ մասին տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ սիրիական «Շաամ Թայմզ» լրատվական գործակալությանը հղումով։
Ղնեմիեն հայաբնակ գյուղ է եղել։ Այնտեղ է գտնվում տեղի բնակչության կողմից 1875 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, սակայն տեղացի ծերերը պատմում են, որ 1875 թվականին եկեղեցին պարզապես վերանորոգվել է, իսկ մինչ այդ արդեն 300 տարվա պատմություն է ունեցել։
1959-ին կիսաքանդ եկեղեցին հիմնապես վերակառուցվել էր։
Հարկ է նշել, որ մինչ սիրիական պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ տարբեր միություններ ճամբարներ ու արշավներ էին կազմակերպում, իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի տոնին ուխտագնացություն էր տեղի ունենում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցին։




