
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի երեք վճիռներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 10,800 եվրո վճարել հայցվորներին՝ «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի», «Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործերով, հայտնում է tert.am- ը՝ վկայակոչելով ՄԻԵԴ կայքը:
«Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ հայցվորի: Ըստ 2008 թվականի գործով վճռի նախապատմության՝ Ռեհան Թովմասյանին 1991 թվականի հոկտեմբերի 10-ին հատկացվել է բնակարան «Կանազ» գործարանի միջոցներով կառուցվելիք նոր շենքում: Խորհրդային Միության փլուզումից հետո այս ընկերությունը սնանկացել է, իսկ շինարարության աշխատանքները դադարեցվել: Ռեհան Թովմասյանը փորձել է բնակարան ստանալ կամ փոխհատուցում և պարտվել է դատական ատյաններում, իսկ այնուհետև չի կարողացել Վճռաբեկ ատյանում բողոք ներկայացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցներ չի ունեցել, իսկ փաստաբանները, ում դիմել է, չեն ցանկացել նրան իրավական օգնություն ցուցաբերել անվճար հիմունքներով:
2008 թվականի Ռեհան Թովմասյանը պնդել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է: ՄԻԵԴ-ը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտվել է և պարտավորեցրել է պետությանը հայցվորին վճարել 3600 եվրո երեք ամսվա ընթացքում։
«Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել նույնպես հօգուտ հայցվորի: 2007 թվականի գործով Հայաստանի երեք քաղաքացիներ՝ Վահան Ղույումչյանը, Լուսինե Ղույումչյանը և Գյուլնազ Ղույումչյանը հայց են ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Նրանք պնդել են, որ իրենց հանգուցյալ բարեկամ Գարեգին Ղույումչյանը իր ընտանեկան բիզնեսի կորստի պատճառ դարձած անօրինական դատական հետապնդման համար փոխհատուցում ստանալու պահանջով գործով զրկված է եղել Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից փաստաբան վարձելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:
ՄԻԵԴ-ն ընդունել է հայցվորի բողոքը Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն չունենալու վերաբերյալ բողոքը և գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտվել է և պարտավորեցրել է պետությանը հայցվորին վճարել 3600 եվրո երեք ամսվա ընթացքում:
«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ հայցվորի: 2005 թվականի գործով Հայաստանի քաղաքացի Վարյա Սաֆարյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ:
Հայցվորը պնդել է մասնավորապես, որ իշխանությունների կողմից իր դիմումների մերժումները՝ բաժանել Երևանի կենտրոն համայնքում գտնվող, 2002 թվականին պետության շահերի համար օտարված իր սեփականությունը և փոխանցել երեխաներին խախտել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածը և 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրանով, որ հայցվորը չի կարողացել իր սեփականությունը նվիրաբերել իր երեխաներին, խախտվել է 1-ին արձանագրության 1-ին հոդվածը և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը 3630 եվրո վճարել հայցվորին:




