
«Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը: Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության այսօր տարածած հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը պատրաստակամություն է հայտնել աշխատել նաեւ Մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ։ «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հանդես բերել աշխատելու ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ»,- ասված է հայտարարության մեջ։




