Հասարակություն

Մահացել է Դիարբեքիրի ամենատարեց հայերից մեկը

Դիարբեքիրի ամենատարեց հայերից Սարգիս Էքենը 86 տարեկան հասակում հրաժեշտ է տվել կյանքին։ Էքենն օրեր շարունակ ինտենսիվ խնամքի տակ էր։

Այս մասին տեղեկացնում է «Ագոս» պարբերականը:

Էքենը ծնվել է 1930 թվականին Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանի Բաշբուք գյուղում: 19 տարեկանում ամուսնացել էր Պայծառ Ալաթայի հետ, սակայն զույգն ամուսնությունը պաշտոնապես կնքել էր միայն 2014 թվականին` 65 տարվա համատեղ կյանքից հետո:

Ամուսնության պաշտոնական գրանցումից երկու ամիս անց Սարգիսի կինը մահացել էր` թողնելով նրան միայնակ:

Սարգիս Էքենը, ով բնակվում էր Սուր գավառում, որտեղ ավելի քան մեկ ամիս գործում է փողոց դուրս գալու արգելքը, վատացել էր և տեղափովել հիվանդանոց: 25 օր շարունակ պայքարելով սեփական կյանքի համար` Դիարբեքիրի ամենատարեց հայը հունվարի 17-ին մահացել է:

Քանի որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու տարածքում բախումները շարունակվում են, նրա հոգեհանգստի արարողությունը կայացել է ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Back to top button