ԿարևորՀասարակություն

Ինչպես կանխարգելել գրիպը, թոքաբանը նշում է՝ H1N1 կա, համաճարակ՝ ոչ

lenabadeyan

Բժիշկներն այսօր կրկին խոսել են H1N1 տեսակի գրիպի մասին եւ պարզաբանումներ տվել, թե ինչու չի օգտագործվում «համաճարակ» բառը: Որեւէ արգելք դրված չէ այդ բառի համար, ընդհակառակը՝ կա հստակ սահմանված չափանիշ, որին Հայաստանում տիրող իրավիճակը դեռ չի հասել: Իրավիճակում կա եւս մեկ նրբություն՝ երբեմն գիպը շփոթում ենք հարբուխի հետ: «Հարբուխը հիվանդություն չէ, այն կարող է լինել փռշտոցի, հազի տեսքով, որը կարող է առաջանալ նույնիսկ սոխ ուտելու հետեւանքով»,- ասում է ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

 

Փաստը, որ արդեն երկրորդ անգամ է եւս մեկ շաբաթով երկարաձգվում ուսանողների ու աշակերտների ձմեռային արձակուրդը, արդյո՞ք չի վկայում նրա մասին, որ H1N1 տեսակի գրիպը համաճարակի պատճառ է դարձել:

«Համաճարակ» բառը մասնագետները չեն օգտագործում, իսկ թե ինչու՝ փորձում է բացատրել առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: «Որպեսզի կոչվի համաճարակ՝  բնակչության 5 տոկոսը պետք է հիվանդ լինի: Եթե մենք Երեւանում ունենք 1 միլիոնից մի քիչ ավելի բնակչություն, ապա 5 տոկոսն անում է 50 հազար: 50 հազար հիվանդ հիմա Երեւանում չկա, հետեւաբար՝ դրա մասին խոսելը ընդհանրապես ավելորդ է»։

Բժիշկները, սակայն, ավելորդ չեն համարում եւս մեկ անգամ խոսել ինչպես կանխարգելման, այնպես էլ՝ հիվանդության դեպքում ճիշտ վարվելակերպի մասին: Գրիպի նշանները զգալուն պես հիվանդը պետք է ազնիվ լինի եւ շրջապատին զգուշացնի, որ հիվանդ է, գործատուն կամ ուսուցիչները նույնպես պետք է ազնիվ լինեն մյուսների հանդեպ եւ չստիպեն, որ հիվանդը գա՝ մի անկյունում նստի եւ ոչ մեկի հետ չշփվի:

«Մարդը որպեսզի օդակաթիլայինով վարակվի, պետք է գոնե մեկ մետր մոտիկ լինի: Եթե 1-2 մետրից ավելի լինի, նա չի վարակվի: Բայց գրիպի վիրուսը մարդու օրգանիզմից դուրս ապրում է մոտ 6 ժամ, դրա համար կարող է տարածվել եւ ուրիշ ճանապարհներով՝ ձեռքեռրի միջոցով, փոշու միջոցով, իրերի միջոցով: Պարտադիր է վիրուսային գրիպով հիվանդի անկողնային ռեժիմը, ունենա ինքը առանձին սենյակ: Այդ սենյակը, որտեղ մարդը պառկած է, պետք է հաճախ օդափոխել: Պետք է օրը 2-3 անգամ խոնավ շորով մաքրել բոլոր մակերեսները, որպեսզի այդ նստած վիրուսները մաքրվեն: Եվ կանչել բժիշկ, ոչ թե սկսել բուժումներ: Մենք առաջին հերթին աշխատում ենք ջերմությունն իջեցնել: Սխալ է: բացարձակ պետք չէ ջերմությունն իջեցնել: Նախ՝ դա բուժման ձեւ չէ, երկրորդը՝ մենք կարող ենք բժիշկին գցել շփոթության մեջ, որովհետեւ ջերմություն չկա, նա կասի՝ չէ գրիպ չէ, սովորական վիրուս է»,- ասում է թոքաբանը։

H1N1 տեսակի գրիպից զգուշացողների մի հատվածն այսօր կանխարգելման նպատակներով նույնիսկ դիմում են զավեշտալի քայլերի, ասենք՝ խմում են նույն դեղամիջոցները, որոնք նշանակում են գրիպով հիվանդներին: Դա անելու փոխարեն կարելի է ավելի արդյունավետ պայքարել, ասում է Անդրանիկ Ոսկանյանը՝ միաժամանակ ցրելով մեկ այլ թյուր կարծիք՝ օղին նույնպես կանխարգելման միջոց չէ:

«Չկա այնպիսի բան, որ օգտագործենք եւ գրիպով չհիվանդանանք: Օղի օգտագործելու ժամանակ մետաբոլիզմն ուժեղանում է, ջերմությունը բարձրանում է եւ վիրուսները դժվար են ապրում: Ինչ որ տեղ դա կարող է օգտակար լինել, բայց այդ ինչ որ տեղը շատ ավելի քիչ է։ Օղին անպայման ճնշում է իմունային համակարգը եւ հիվանդության զարգացումը կլինի ավելի ծանր: Դրա համար իմաստ չունի օղիով ինչ որ բան բուժել: Մի ուրիշ բան կա՝ տնական, որ ես ողջունում եմ՝ մոմ վառեք, խունկ ծխեք, քացախի գորոլշի առաջացրեք, սխտոր են դնում: Դա հիվանդության դեմ չի պայքարում, այլ՝ միջավայրի վիրուսներն է պակասացնում»։

Որպես կանխարգելիչ միջոց կարեւոր է նաեւ ձեռքերը հաճախ լվանալ, քանի որ դրսում՝ տրանսպորտում եւ հանրային այլ վայրերում, հնարավոր է կպնում ենք այն նույն մակերեսներին, որոնց մինչ մեզ կպել է վիրուսակիր մարդը:

Կարդացեք նաև

Back to top button