Արսեն Քարամյանը ներկայացրել է 2016-ին պետական երիտասարդական քաղաքականությունը
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականությունը 2016-ի ընթացքում: Այդ առումով ուղղությունները տարբեր են՝ սկսած սոցիալական բնակարանաշինությունից մինչեւ նոր գաղափարների փնտրտուք:
Երիտասարդական քաղաքականության առումով՝ տարվա առանցքային աշխատանքներն ուղղված են լինելու նոր գաղափարների որոնմանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ արդեն սկսել են իրականացնել մի ծրագիր՝ «Հարյուր գաղափար Հայաստանի համար» անվանումով:
Փորձ է արվելու Հայաստանի տարբեր անկյուններից մրցութային կարգով հավաքագրելու 100 նորարարական գաղափար, որոնք հեռանկարային կարող են լինել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ներդնելու համար:
Խոսքը միայն ՏՏ ոլորտի մասին չէ, որտեղ Հայաստանը որոշակի առաջընթաց արձանագրել է նորորարությունների առումով:
«Մեր կյանքը միայն ՏՏ ոլորտը չէ, բնականաբար: Նախարարությունը որպես պետական երիտասարդական քաղաքականությունը համակարգող պետական լիազոր մարմին մտածում է, որ երիտասարդներից կարելի է ակնկալել եւ պետք է ակնկալել այն նորարարությունները, որոնք պետք է մեր կյանքը ավելի հաջողակ ու բարեկեցիկ դարձնեն»:
Փոխնախարարի խոսքով՝ ակնկալում են, որ 100 առաջարկի մեջ կկարողանան ստանալ 3-5 հետաքրքրություն ներկայացնող նորարարական գաղափարներ, որոնք կյանքի կոչելն ուղղակիորեն հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներ կարող են դարձնել մրցունակ, նաեւ՝ միջազգային առումով: Ըստ փոխնախարարի՝ սա լուրջ խթան է մարդկային կապիտալի զարգացման առումով, ինչը կարեւոր է բնական մեծ հարստություններ չունեցող երկրի համար: «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի մեկնարկը կտրվի եւ համապատասխան մրցույթը կհայտարարվի երկրորդ եռամսյակում: Պայմանների վերաբերյալ փաթեթն այս պահին մշակվում է: Փոխնախարարը շեշտեց, որ դա լավ հարթակ է նորարարությունները կյանքի կոչելու համար եւ հորդորեց երիտասարդությանը ակտիվորեն մասնակցել ծրագրին:
Արսեն Քարամյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը կշարունակի նաեւ իրականացնել «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը: Այս կերպ՝ երիտասարդական միջոցառումներ են կենտրոնացվում մարզային քաղաքներում: Այս տարի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գյումրին:
Անդրադառնալով հանրապետության նախագահի հովանու ներքո 2008 թվականից մեկնարկած երիտասարդ ընտանիքների համար սոցիալական բնակարանաշինության ծրագրերին՝ Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ այս տարի՝ մի քանի ամսից, շահագործման կհանձնվի ամենամեծ համալիրը, որն ունի 500 բնակարան: Ավանում կառուցվող այս համալիրն ամենամեծն է մինչ այդ իրականացված ծրագրերից:
Հաջորդ տարի նվազում կլինի, իսկ հանրապետության նախագահի պաշտոնավարման ավարտից առաջ հետահայաց կգնահատվի անցած 10 տարվա արդյունքները, որոնք արձանագրվել են սոցիալական բնակարանաշինության ծրագրերով՝ եզրափակեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: