

«Դեբատ» ակումբում քաղաքական և հասարակական գործիչներն ամփոփել են 2015 թ-ը: Քաղաքական առումով տարվա ձեռքբերումը եղել է Սահմանադրության հանրաքվեն, իսկ բացթողումը՝ ԵՏՄ –ի անդամակցումն է:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը 2015-ին կրթական ոլորտի ամենամեծ ձեռքբերումը համարում է ներառական կրթության ներդրումը, սակայն այսօր հրավիրված ասուլիս ժամանակ ավելի շատ խոսեց ոլորտի բացթողումներից՝ավագ դպոցները դեռևս չեն կայանում, քանի որ մենք քառակուսու մեջ ենք ու չենք ուզում դուրս գալ այդ ճիրաններից,ասում է։
Նա կրթության որոկի մասին խոսելն ավելորդ է համարում, քանի որ տարեցտարի պակասում է կրթական ոլորտի ֆինանսավորումը ու այս տարին էլ բացառություն չէ:
Անցում մշակութային ոլորտին։ Բախշյանի համար անհասկանալի էր Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին պաշտոնից հեռացնելը: ««Կարեն Դուրգարյանը կթողնի, կգնա Հայաստանից։ Դա աբսուրդ է, ո՞նց է մարդու գլխում ծագում այդպիսի միտք»,- ասում է։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, սակայն շտապեց առաջարկով հանդես գալ. ասաց, որ մշակույթի ոլորտում տիրող այս գաղջ մթնոլորտը վերափոխելու համար պետք է սկսել մշակույթի նախարարից։ Բախշյանը չհամաձայնեց. «Չէ, մշակույթի նախարարին նշանակողից սկսենք»,- ասաց։
Հերթը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանինն էր, ով ամփոփեց քաղաքական տարին: Նրա համար, բնականաբար, տարվա ձեռքբերումը սահմանադրական հանրաքվեն էր և, #ElectricYerevan նախաձեռնությունը, որը, ըստ իշխանության ներկայացուցչի, նոր որոկ բերեց իշխանություն-հասարակություն երկխոսությունում:
Հարցին՝ քաղաքական ձեռքբերո՞ւմ, թե՞ կորուստ էր ԲՀԿ-ի կազմաքանդումը, որը տեղի ունեցավ իշխանության ձեռքով ու պարտադրանքով, Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց, որ ԲՀԿ-կազմաքանդվել է, այն էլ՝ իշխանությունների պարտադրանքով։ «Իշխանությունը պարզապես գնահատական է տվել, իսկ ԲՀԿ-ն չի կազմաքանդվել։ Պարզապես՝ որոշ մարդիկ հեռացել են քաղաքականությունից»։
Քաղաքական քննարկմանը միացավ Ազատ Արշակյանը, ով նշեց, թե ՀՀԿ-ն ավարտել է իր առաքելությունը: Հարցին՝ ի՞նչ փաստեր ունի, որ ՀՀԿ-ն հեռանալու է, Արշակյանն ասաց, թե կուսակցությունն իրեն այլևս սպառել է և պետք է իշխանության գան այնպիսի մարդիկ, ովքեր կվերականգնեն ՀՀ անկախությունը, որը վտանգվեց ԵՏՄ-ի անդամակցությամբ։




