Քաղաքական

Օմբուդսմենի հրաժարականի հետ ՀՀԿ-ն առնչություն չունի.պատգամավոր

lenabadeyan
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ Հանրապետական կուսակցությունը որեւէ առնչություն չունի, այդ ուղղությամբ կուսակցության ներսում քաղաքական պատվեր չի եղել պնդում են նույն կուսակցությունից պատգամավորները՝ թե Մկրտիչ Մինասյանը, թե Լեռնիկ Ալեքսանյանը:  Վերջինը, սակայն, հավելում է հետեւյալը. «Չեմ կարծում, որ պատահականություն էր եւ եթե Հանրապետական կուսակցության անդմները հայտարարում են հրապարակային, ուրեմն կան ինչ որ հիմքեր, բայց քննարկում չի գնացել: Հնարավոր է Կարեն Անդրեասյանը դա կապի կուսակցության հետ, բայց դա դեռ չի նշանակում … Ես գիտեմ, որ Հանրապետության նախագահը, կուսակցության այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, համենայնդեպս այդ հարցը չեն շոշափել դեռեւս, դա այսպես ասած «հում» վիճակում է»:

Հիշեցնենք, որ Աժ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում Օմբուդսմենի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ լուրջ քննադատություններ հնչեցին Կարեն Անդրեասյանի հասցեին: Մարդու իրավունքների պաշտպանին առանձնապես կոշտ քննադատողներից էին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բայց այս ամենը ոչինչ չի նշանակում, իր հերթին պնդում է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Այդպիսի պատվեր ես չեմ տեսել, չեմ լսել, չեմ զգացել: Ուրիշ բան է, որ առանձին պատգամավորներ ինչ-ինչ երեւույթներից, իրավիճակներից ելնելով դժգոհություններ ունեին եւ այդ դժգոհությունն արտահայտեցին: Հիմա եթե այդ ընթացքում ինչ որ բառ կամ արտահայտություն այնպիսին չի եղել, որ ինչ որ մեկին դուր չի եկել դա այլ բան է: Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ որոշակի հարցերի լուծումից ինքն իր գործունեությունից դժգոհ է կամ բավարարված չէ եւ դրա համար էլ, ըստ երեւույթի, որոշել է հրաժարական տալ»:

Թե ով կլինի ՀՀ հաջորդ օմբուդսմենը, պատգամավորներն առայժմ դժվարանում են կանխատեսել: Այս պահի դրությամբ որեւէ անուն դեռեւս չի շրջանառվում:

Back to top button