Քաղաքական

2016-ի ներքաղաքական զարգացումների տրամադրությունները թելադրված են նոր Սահմանադրությամբ.քաղաքագետ

karenghazaryan
Սկսված տարվա ներքաղաքական զարգացումների տրամադրությունները թելադրված են նոր Սահմանադրությամբ եւ 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններով: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նա խոսել է նաեւ տարվա ընթացքում արտաքին ոլորտում Հայաստանի դիմագրավելիք որոշ խնդիրների մասին: Հարցի վերաբերյալ իր դիտարկումները «Ռադիոլուր»-ի հետ կիսել է նաեւ քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը:

 

 

Այս տարի ներքաղաքական դաշտն ակտիվորեն նախապատրաստվելու է 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ՝ տարվա ընթացքում մենք ականատես կլինենք ուժերի վերադասավորումների գործընթացների: Քաղաքական ուժերը ոչ միայն ձգտելու են վերադասավորվել, այլ նաեւ՝ վերաիմաստավորել իրենց գործունեությունը քաղաքական դաշտում:

«Ամեն մի ուժ հանդես է գալու իր նախաձեռնություններով եւ իր տեսլականով՝ 2017 թվականի համար»:

Պետք չէ լինել քաղաքագետ՝ հասկանալու համար, որ 2016 թ-ին քաղաքական ուժերի գործունեությունը պայմանավորված է լինելու հենց հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների թելադրած տրամաբանությամբ: Դրա համար նաեւ ակտիվ գործունեություն ծավալելու հիմքեր է տալիս փոփոխված սահմանադրությունը՝ նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական ոլորտին՝ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ Հայաստանի համար առաջին հերթին կարեւորագույն նշանակություն ունի անվտանգային խնդիրը՝ երկու ճակատներով:

«Մեկը տարածաշրջանային նեղ իմաստով՝ հայ-ադրբեջանական հետագա զարգացումները, բանակցային գործընթացը, լարվածության նվազումը եւ, այսպես ասած, Ադրբեջանի դաստիարակությունն է: Մյուսը՝ կապված է մերձավոր արեւելքի իրադարձությունների զարգացումների հետ: պետք է հետեւել, թե ինչպես է դա անդրադառնում տարածաշրջանի վրա՝ կապված Թուրքիայի, քրդական հարցի հետ, կապված մեր շահերի հետ, որոնք կան այս տարածաշրջանում, որ դա համահունչ լինի, լայն իմաստով, անվտանգային քաղքականության ապահովմանը»:

Մարկարովի գնահատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության խնդրով մենք շարունակելու ենք գործ ունենալ ոչ թե խաղաղության ձեւաչափի որոնման հետ, այլ՝ լարվածության թուլացմանն ուղղված օրակարգի:

Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը երբեւէ որեւէ արդյունք չի տվել եւ իրենից որեւէ արժեք չի ներկայացնում՝ արդյունքների իմաստով:

Պատճառը մեկն է՝ գործ ունենք հակառակորդի հետ, որն ունի հստակ ձեւավորված թշնամական գաղափարախոսություն, որից երբեւէ չի հրաժարվել:

Պիտի հասկանալ, որ մեր խնդիրը գլոբալ գաղափարախոսության մի մասն է եւ, ցավոք սրտի, չի կարող լինել դիվանագիտական լուծում՝ կարծում է քաղաքագետը: Ըստ նրա՝ բանակցային գործընթացի շրջանակներում հետագա հանդիպումները նույնպես զուտ արարողակարգային բնույթ են ունենալու՝ նաեւ պայմանավորված երրորդ երկրների ազդեցությունների վերահաստատումներով եւ շատ այլ հանգամանքներով: Հետեւաբար՝ հայկական կողմը պիտի հասկացնի Ադրբեջանին, որ չի վախենում պատերազմից, քանի որ հաճախ հաղթում է այն կողմը, ով առաջինն է հարվածում եւ հարվածում է ավելի ուժեղ՝ եզրակացրեց քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Back to top button