

Մենք ռուսական կողմին թույլ տվեցինք ոչ միայն պաշտպանվել մեր դաշտում, այլև անցնել հարձակման ու գրավել մեր դարպասը՝ անդրադառնալով նախորդ տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդը կազմակերպած Պերմյակովի գործին այսօր ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Ըստ փաստաբանի ՝ դաժան հանցագործությունից մեկ տարի անց հասարակությունը դեռ չի ստացել ամենակարևոր հարցի պատասխանը ՝ ո՞րն էր անմարդկային սպանդի պատճառը: Գործում, ըստ Նորիկյանի, շատ են իրավական կազուսները, իսկ նախաքննությունը ոչ միայն պատասխաններ չի տվել հարցերին , այլև ավելացրել է դրանց թիվը:
Նախորդ տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդը կազմակերպած Պերմյակովի գործի վարույթը հայ իրավապահներին հանձնելու որոշումը կայացվեց նախորդ տարվա հունիսին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի շրջանում: Սա, ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի, հուշում է, որ գործի ճակատագիրը որոշում են ոչ այնքան իրավական, որքան քաղաքական պայմանավորվածությունները:
«Քրեական գործի ոդիսականն ավելի շատ որոշվեց քաղաքական համաձայնությունների տիրույթում, ինչը նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացման բուն գործընթացը եթե չի կրել ու կրում ձևական բնույթ, գոնե առերևույթ ընթանում է բարձր մակարդակի պայմանավորվածությունների շրջանակում»:
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ փաստաբանը մնում է նույն կարծիքին՝ քրեական գործի նախաքննությունն ի սկզբանե պետք է իրականացվեր Հայաստանի իրավապահների կողմից, իսկ Պերմյակովը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ըստ Նորիկյանի՝ հարցը հստակորեն կարգավորված է համապատասխան համաձայնագրով, որի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը։
Բացառությունները երեքն են՝ կրկին սահմանված նույն համաձայնագրով: «Այդ բացառություններն են՝ եթե հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում, եթե ուղղված է եղել Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ կամ եթե կատարվել է զինվորական հանցագործություն»:
Այս երեք դեպքերից որևէ մեկը Գյումրիի ողբերգության մեջ առկա չէր, ասում է փաստաբանը: Նաև նշում, որ ողբերգությունից հետո Պերմյակովին հնարավորություն է տրվեց հայտնվելու ռուսական կողմի իրավազորության տեսադաշտում, հանձնվելու ՌԴ ներկայացուցիչներին և պահվելու ռուսական ռազմաբազայի տարածքում: Սրանք փաստաբանը կոպտագույն սխալներ կամ իրավական կազուսներ է որակում: Ասում է՝ նախաքննությունը ոչ միայն չտվեց հանրությանը հուզող հարցերի պատասխանը, այլև ավելացրեց դրանց թիվը:
Ինչ վերաբերում է դատաքննությանը, ապա այստեղ էլ կազուսը, ըստ փաստաբանի, իրավիճակն է, որ գործը քննում է հայկական դատարանը, բայց՝ ռուսական ռազմաբազայի տարածքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել արտագնա դատական նիստերը 102-րդ ռազմական բազայի տարածքում անցկացնելու մասին: Արտագնա նիստի հնարավորություն մեր օրեսնդրությունը տալիս է, ասում է փաստաբանը, բայց ընդգծում, որ խոսքը Հայաստանի իրավազորությունից դուրս գտնվող տարածքի մասին չէ:
«Դուք կարո՞ղ եք վկայակոչել մեկ այլ դեպք, երբ դատարանն իր պետության գերբը և դրոշն ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին և իր պետության անունից արդարադատություն իրականացնի: Այս տրամաբանությամբ վաղը մեկ այլ դատարան նույն` արդարադատության իրականացման արդյունավետության շահերի պատճառաբանությամբ կարող է որոշում ընդունել իր վարույթում գտնվող որևէ դատական նիստ անցկացնել ասենք Ֆրանսիայի դեսպանատանը, Երևանյան սրճարաններից մեկում, կամ Լարսի անցակետում: Անլուրջ է, չէ»:
Հարցն է նաև այն , թե որտեղ է կրելու իր պատիժը ՀՀ անունից հրապարակված դատավճռով պատժի ենթարկված Վ. Պերմյակովը, այն դեպքում, երբ ՌԴ դատարանի կողմից նա արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատաքննությունը, հիշեցնենք, մեկնարկել է դեկտեմբերի 18-ին։ Դատական հաջորդ նիստը սպասվում է հունվարի 18-ին: Պերմյակովի գործի վարույթը ` սպանության մասով ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնվել նախորդ տարվա հունիսին: Մնացած հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում և ապօրինի կրում, գործը քննել է ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը, որի օգոստոսի 12-ի վճռով Պերմյակովն արդեն դատապարտել է 10 տարվա ազատազրկման:




