Հասարակություն

Ոստիկանությունը ներկայացրել է Ճանապարհային խախտումներին առնչվող իրավախախտումների որոշ բովանդակային փոփոխություններ

karenghazaryan

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխություններն է այսօր ներկայացրել ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։ Նրա փոխանցմամբ՝ տասնյակ փոփոխություններ են կատարվել 6 օրենքներում: «Ռադիոլուրն» առանձնացրել է հասարակական առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող մի քանի փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումները։

 

ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի խոսքով` կան բովանդակային փոփոխություններ, տուգանքների խստացում կամ նվազեցում, եւ փոփոխություններ, որոնք առնչվում են զուտ վարույթների մեխանիզմների ընթացակարգերի խնդիրներին:

Արդիական հետաքրքրություն ներկայացնող փոփոխություններից մեկն առնչվում է տրանսպորտային միջոցների ապակիների մգեցվածությանը: Հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունը, տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում հայտնաբերելիս, վարորդին  կտուգանի 30 հազար դրամի չափով:

ՃՈ ներկայացուցիչն ասաց, որ նախկինում սույն իրավախախտման համար տուգանքը կազմել է հիսուն հազար դրամ:  «Նվազեցվել է տուգանքի չափը, բացի այդ՝  ավելացվել է նաև դրույթ, ըստ որի՝ ուղակի պատասխանատվության կենթարկվի վարորդը, եթե առջևի դիմապակին թաղանթապատված է՝ անկախ դրա մգեցվածության կամ լուսաթափանցելիության աստիճանից»:

Ոստիկանության պատասխանատու-ներկայացուցիչը տեղեկացրեց, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավախախտողը Ճանապարհային ոստիկանի կողմից մեքենան կանգնեցնելուց հետո ձեռնամուխ է լինում իրավախախտումը  վերացնելուն, այսինքն՝  թաղանթը հանելուն, ապա նա չի ենթարկվի  պատասխանատվության:  Պատասխանատվության չի ենթարկվի նաև այն վարորդը, ով  24-ժամյա ընթացքում կներկայացնի և կտեղեկացնի, որ դիմապակու թաղանթը հեռացրել է:

Խստացվել են տուգանքները՝ կապված առանց համարանիշերով կամ կեղծ համարանիշերով մեքենա վարելու հետ: Նման երրորդ դեպքում վարորդը նաեւ մեկ տարով զրկվում է վարելու իրավունքից: Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերին: Այս պարագայում նույնպես տույժերը խստացվել են` համապատասխանաբար 50 հազար դրամով:

«Օրինակ, եթե անձը հրաժարվում է սթափության վիճակի զննությունից, ապա 150 հազար դրամի փոխարեն կտուգանվի 200 հազար դրամով: Բացի դրանից, մենք անցած տարի դեպքեր ունեցանք, որ վթարի ենթարկվելուց կամ ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կանգնեցվելուց հետո վարորդն ալկոհոլային խմիչք էր օգտագործել, ապա զննությունից հետո հայտարարել, թե դեպքի պահին ինքը սթափ է եղել: Այս մասով փոփոխություն է արվել եւ սրանից հետո անձը կհամարվի ոչ սթափ վիճակում, եթե օրգանիզմում հայտնաբերվել է համապատասխան չափի ալկոհոլ` անկախ հանգամանքից, թե երբ է օգտագործել ալկոհոլը»:

Մեկ այլ փոփոխության մասին: Վարորդները, որոնք կլինեն առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի, կարող են 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին ներկայացնել համապատասխան փաստաթուղթը եւ կվերացվեն խախտման հատկանիշները: Խոսքը բացառապես այն դեպքերի մասին է, երբ  վարորդն ունի վկայական, սակայն այդ պահին իր մոտ չի գտնվել: 24 ժամվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ տուգանքը 3 հազար դրամ է:

Գծանշումների որոշ խախտումների պարագայում, երբ դրանք նվազ նշանակության  իրավախախտում կդիդվեն, կլինեն նախազգուշացումներ:  ՃՈ ներկայացուցչի ձեւակերպմամբ՝ կարեւորագույն փոփոխություն է կատարվել նաեւ հատկապես տաքսի ծառայությունների վարորդների համար. կանգառի կամ կայանման կանոնների խախտում չի համարվի այն դեպքը, եթե կանգառը կատարվել է մինչեւ մեկ րոպե ժամանակահատվածում` ուղեւորի նստելու կամ իջնելու համար: «Սա չի վերաբերում վարորդների` մեքենայից իջնելուն, բացառապես ուղեւորի նստելուն եւ իջնելուն»:

Վերջում հավելեմ նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթն ուժի մեջ է մտել հունվարի 11-ից: Մի շարք դեպքերում էլ՝ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից:

Կարդացեք նաև

Back to top button