Քաղաքական

Զոհված զինվորի համար պետությունը պետք է մեծ փոխհատուցում տա հարազատներին

lenabadeyan

Սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը երաշխավորելու համար միայն արժանի հակահարվածը բավարար չէ, կարծում են մի խումբ քաղաքական գործիչներ՝ առաջարկելով լուրջ սպատժամիջոցներ սահմանել նաեւ հենց ՀՀ-ում: Ընդ որում` պնդում են. պատասխանատվություն պետք է կրեն եւ ԶՈւ-ը եւ արտգործնախարարությունը՝ «դրսում» պատշաճ աշխատանքի բացակայության համար:  Պատժամիջոցների կոնկրետ առաջարկներ հնչեցրել են ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Ի դեպ, նա այսօր էլ պնդում է՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումից հետո պետք է պաշտոնանկություններ լինեին հենց հայկական բանակում, այն մարդկանց շրջանակում, ովքեր անզեն հսկա մեքենային ուղարկեցին թշնամու թիրախը:

 

Չթուլացող սահմանային լարվածության ողբերգական հետեւանքները պետք է համապատասխան արձագանք ստանան թե դրսում, թե ներսում: Այսպես ասած, «դրսի» շատ ավելի կոշտ պատասխանների կողմնակիցը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է. ասում է զինվորների անվտանգությունը պետք է երաշխավորվի: Որպես օրինակ մատնանշում է Իսրայելը՝ 10-20 զոհ՝ մեկ կորստի համար:

Բայց այս հարթությունում զգուշավորության կոչեր է անում ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ հիշեցնելով. «Երկրներ կան, ովքեր քնում եւ երազում են, որ բախում լինի, իսկ Հայաստանի պահվածքը մինչ այսօր համապատասխանել է միջազգային նորմերին»: Հենց այստեղ էլ առաջ է գալիս «ներսի» պատասխանատվության պահը, որի կողմնակիցները, թե Ազատ Արշակյանն է, թե Գուրգեն Եղիազարյանը:

Ընդ որում՝ շեշտում են՝ բանակից հետո երկրորդ կարեւորագույն օղակը դիվանագիտությունն է: Մի խոսքով՝ պահանջում են՝ յուրաքանչյուր զոհը պետք է բերի ոչ միայն պաշտոնանկության, այլեւ լուրջ փոխհատուցումների, հավելում է Ազատ Արշակյանը: «Պետք է այստեղ պետությունը մեծ փոխհատուցում տա հարազատներին: Այսինքն՝ զինվորի կորուստը պետք է պետությանը սնանկացնի: Պետք է դողան, այո, ամեն մի սպայի համար: Մենք քանի սպա զոհ տվեցիք, բա պետք է հրաժարականների շղթա լիներ, գեներալների պագոնները պետք է պոկվեին ամեն մի սպայի զոհվելու կապակցությամբ: Այդպես պետք է լինի։ Եթե այդպես չէ, նշանակում է մեր երեխաները թնդանոթի միս են դարձել ինչ որ մարդկանց համար»։

Սահմանային դեպքերի լարված իրավիճակում նախկին պատգամավորը հատկապես ուշադրություն է հրավիրում մեկ հանգամանքի վրա:  «Զորակոչի ցուցակը նայում ես, պարզվում է, որ հարուստները եւ բյուրոկրատները ծնում են բանակի համար ոչ պիտանի տղա երեխաներ: Ես չգիտեմ, հիմա կարեկցե՞մ այդ մարդկանց: Թող իրենց «հիվանդ» երեխաներին տանեն զորանոց, խրամատներում թող մնան, որ իմանան զոհված զինվորի գինը»։

Վերջին օրերին հայտնի է դառնում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվում է նոր զինատեսակներով: Այս լուրը վատը չէ, կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: «Ողջունում եմ հատկապես «400-ների» տեղադրումը ՀՀ-ում, որոնք արդեն ծածկել են Թուրքիայի օդային տարածքի մոտ 85 տոկոսը: Այս զինատեսակները, Ռուսաստանի ներկայությունը Արաքսի ափերին կարեւոր է մեզ համար, քանզի մենք չենք իմանում այդ «գյուրզան»՝ դավիթօղլուների, այլօղլուների, էրդողանների գլխավորությամբ ինչպես կվարվի փոքրիկ Հայաստանի հետ: Սա աստիճանաբար ցանկանում է քիթը մտցնել Արցախի եւ Ադրբեջանի ուղղակի գործընթացի մեջ»:

Գուրգեն Եղիազարյանն օրինակ է բերում, որ Թուրքիայի տարատեսակ գործողությունները թե Կիպրոսում, թե Կոսովոյում, թե Իրաքում չի կարողացել զսպել նույնիսկ ՆԱՏՕ-ն, հետեւաբար պնդում է, որ զինվելը ճիշտ տարբերակ է: Հայ-թուրքական սահմանին ռուսաների կողմից սպառազինության ավելացումը՝ ռուս-թուրքական լարված հարաբերությունների ներքո մտահոգիչ չի համարում Ազատ Արշակյանը: «Կարծում եմ, որ կոնֆլիկտը լուրջ է եւ հույս ունեմ, որ դա կավարտվի Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի կոնֆերանսի չեղյալ հայտարարելով:  Ղարաբաղյան հարցի այսօրվա լուծման կարգավիճակը դա հենց կոնֆերանսի վերանայման կետերից մեկն է: Այսինքն՝ այդ կոնֆերանսի հետեւանքների վերանայում տեղի կունենա, որը մեզ համար լավ է»,- ասում է պատգամավորը։

 

Կարդացեք նաև

Back to top button