
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով՝ հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:
Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է նրա մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հունվարի 8-ի դրությամբ տոնական օրերի համեմատ Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով:
ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:
Կրկին հորդորում ենք գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով հանգստյան օրերին` հունվարի 9-ին և 10-ին կաշխատեն Երևանի և ՀՀ մարզերի ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները:




