Հասարակություն

Շնչառական վարակներով հիվանդների 80 տոկոսը երեխաներն են

lianaeghiazaryan

Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբի տարածվածությունը լուրջ մտահոգություններ է հարուցում: Սրանով պայմանավորված` երկարաձգվել են մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները: Մասնագետներն այժմ ոչ միայն խորհուրդ են տալիս, այլեւ հորդորում են զգուշանալ վարակներից, ինչպես, ինչ մեթոդներ կիրառել, վստահե՞լ ավանդական` «տատիկական միջոցներին» կամ գովազդվող միջոցներին:

 

Հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը սինչեւ 18 տարեկան երեխաներ են։ Մտահոգիչ իրավիճակը հաշվի առնելով` առողջապահության ու կրթության և գիտության նախարարները միջնորդել են մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը: Մասնավոր ուսումնական հաստատություններն, ի դեպ, իրենք են որոշում` երկարեցնե՞լ արձակուրդը, թե՞ ոչ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է:

Երևանի քաղաքապետարանն Ամանորի շրջանում մեկ օրում ռեկորդային թվով 873 կանչ է ստացել, որից 164-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով, 33-ը` թոքաբորբով, 147 հիվանդ հոսպիտալացվել է։ Ստեղծված իրավիճակում առողջապահության նախարարը «Շտապբուժօգնություն» ծառայությանը հանձնարարել է ուժեղացնել գործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը: «Այս դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- պարազաբանում է Արմեն Մուրադյանը:

Եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն կարելի է ձեռք բերել նախարարության մատնանշած դեղատներից: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հորդորում է պատեհ-անպատեհ չհամբուրվել` շնչառական վարակները էլ ավելի չտարածելու համար:

Բժշկական կազմակերպություններում այս շրջանում սահմանված է ամենօրյա հսկողություն, առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով: Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները:

Կարդացեք նաև

Back to top button