
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հանձնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ փակ հանդիպման ժամանակ Օբամայի վարչակազմին կոչ է արել Արցախում խաղաղության համար արագացնել Ռոյս-Էնջել առաջարկների իրականացումը, հայտնում է ANCA- ն։
Արտաքին գործերի հանձնաժողովի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են տասնյակ կոնգրեսականներ, որի ժամանակ Ռոյսը հայտարարել է, որ Ղարաբաղյան գոտում բռնություններն անցած տասնամյակում ամենաբարձր մակադակում են։ «Անցած ամիս հայտարարվել է ծանր զինտեխնիկայի եւ հրետանու կիրառման մասին, ինչը հրադադարի ակնհայտ խախտում է»,- ասել է նա՝ հիշեցնելով ՄԽ համանախագահ Ուորլիքի խոսքերը, թե սա ոչ թե «սառեցված», այլ՝ մոռացված հակամարտություն է, որը վերահսկողությունից դուրս գալու իրական վտանգ ունի։
Էդ Ռոյսը հիշեցրել է սահմանային միջադեպերը վերահսկելու իրենց առաջարկների մասին եւ կոչ արել, որպեսզի ագրեսիվ գործողությունները հստակ դատապարտվեն։ Ըստ նրա՝ որքան արագ իրականացվեն առաջարկները, «այնքան արագ հնարավոր կլինի վերջ տալ սպանություններին եւ կանխել պատերազմը»։




